ձայնով,- ուզում էի ձեզ հետ ծանոթանալ, իմ ամուսինն էլ ձեզ նման հայտնի առևտրական էր, երբ նա դեռևս ապրում էր:
Մր. Կուլինզը մի պահ երևաց, իր կարճ հասակից դիտեց սլացիկ հասակով կնոջը, ժպտաց և՝
--Գնանք դուրս,- ասաց:
--Գնանք,- պատասխանեց գեղեցիկ կինը:
Երբ փակ ավտոն սլանում էր Հըգսըն գետի ափերով, մր. Կուլինզը և գեղեցիկ կինը ավտոյի մեջ ոչ մի խոսք չէին փոխանակում: Գեղեցիկ կինը կծկվել էր մարմնով փոքրիկ ծերունու գրկում: Երբ վերադարձան «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզը մոտեցավ ստորագրության տետրին և ստորագրեց.
--Տեր և տիկին Ու.Ա. Կուլինզը:
Նրանք բարձրացան սենյակ:
Երկու ժամից հետո մր. Կուլինզն իջավ դահլիճ, մի հեռագիր խմբագրեց և ուղարկեց կնոջը ըստ տարիների սովորություն.
«Առողջ եմ, գործերս մի շաբաթից կվերջացնեմ և կվերադառնամ.
Բյուրավոր համբույրներ
Ինքն անձամբ տարավ հեռագիրը դիմացի դեղատան մեջ գտնված հեռագրական բաժինը, որպեսզի հյուրանոցի ծառայողները չիմանային, թե իր կինը հետը չէր գտնվում հյուրանոցում: Մի քիչ հետո գեղեցիկ կինը, որ տիկին Ջեպմեն էր կոչվում, շորերը փոխած իջավ դահլիճը, մի գաղտագողի շնական ակնարկ նետեց հյուրանոցի կառավարչին: Կառավարիչը ժպտաց: Տիկին Ջեպմենը դուրս եկավ, նստեց ավտոն և կորավ վիթխարի քաղաքում:
Մր.Կուլինզը հեռագիրը տալուց հետո շտապեց իր առևտրական գործին:
Նա ավելի քան 2000000 դոլլարի ապրանք էր գնելու իր առևտրական տան համար Նյու-Յորքի զանազան մեծաքանակ ընկերություններից: Երբ նա առաջին անգամ մտավ ՈՒուլուորթ շենքը 5 և 10 սենտանոց ապրանքներ գնելու, զգաց, որ տիկին Ջեպմենը մտքից չի հեռանում, հիշում է նրա