ձայնը: Սիրտն ուզեց անմիջապես վերադառնալ հյուրանոց, բայց սովորությունը նրան մղեց դեպի առևտուրը, և թեկուզ նա կարծում էր, որ դեպի հյուրանոց է վերադառնում, բայց խոսում էր ՈՒուլուորթի վաճառողի հետ: Իր որոշման համաձայն մր. Կուլինզն շտապեց երեք ընկերությունն այցելել:
Տիկին Ջեմպենի ավտոմոբիլը կանգնեց Հըդսըն գետի ափի մի վիլլայի առաջ, դրսի երկաթյա դուռը բաց արեց, ծաղիկներով եզերված փոքրիկ կածանից անցավ և երբ մոտեցավ վիլլայի մեծ դռանը, երկու նեգր դուռը լայնորեն բաց արին, և տիկին Ջեմպենը մտավ ներս ու բարձրացավ ուղիղ մր. Հոպկինսի ննջասենյակը:
Մր. Հոպկինսը մի ծերացած կապիտալիստ էր, որ քաշված առևտրական կյանքից ապրում էր այդ վիլլայում և տառապում էր անքնությունից: Մր. Հոպկինսը իր կնոջը և երեխաներին ուղարկել էր Գերմանիա,Վիսբադեն քաղաքը և ինքն այդ վիլլայում որոնում էր քնելու միջոցներ:
Տիկին Ջեպմենը գնում էր մր. Հոպկինսի մոտ, օրական երկու ժամ նրա գլուխը շփում, որպեսզի շփման այդ հեշտանքի տակ մր. Հոպկինսը քնի: Տիկին Ջեպմենը մեկ-մեկ մր. Հոպկինսի չորացած և ոսկրացած մարմնին ալկոհոլ էր քսում: Այդ բոլոր գործողությունը կատարվում էր պրիմիտիվ անմեղությամբ, որովհետև մր. Հոպկինսը վաղուց մոռացել էր իր անասուն լինելը:
Երբ երկու ժամը վերջացավ, տիկին Ջեպմենը ոտի կանգնեց, հոգնած և ձանձրացած, առանց աղմուկի վերցրեց սեղանի վրա դրված 1000 դոլլարի չեկը և հեռացավ չխանգարելու համար մր. Հոպկինսի քունը:
Մր. Հոպկինսն իր քարտուղարի միջոցով նամակ էր գրում Վիսբադեն, իր կնոջը, որ բժիշկներին հաջողվեց մի քնաբեր դեղ գտնել, և ինքը վերջերս քնում է:
Երբ տիկին Ջեպմենը վերադարձավ «ՈՒալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզն արդեն վերադաձել էր և իրեն անհանգիստ էր զգում Ջեպմենի ուշանալու համար:
Մր. Կուլինզը գրկեց տիկին Ջեպմենին, և մինչև կեսգիշեր չքնեցին նրանք: