Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մր. Մագինկտոնը և թե՜ այդ կանայք պատվերներ էին ընդունում հավասար «պատվով» և սոցիալական համանման հասկացողությամբ:

2

–Դուք գործը կազմակերպեցիք և մեզ սովորեցրե՛ք արևելյան գորգեր ծախելու յուրահատուկ մեթոդները, այնուհետև ազատ զգացեք ձեզ,– ասաց ինձ Գոդբաուտ ընկերության վարիչը։

–Արևելյան գորգեր ծախելու յուրահատուկ մեթոդներ չկան, արևելյան գորգն էլ ծախվում է այնպես, ինչպես ուրիշ ապրանքներ են ծախվում,– պատասխանեցի։

–Ուզւում եմ ասել այն խարդախ ձևերը, որ գործ են ածում արևելքցիները արևելյան գորգ ծախելիս,– հարեց Գոդբաուտի վարիչը։

–Արևելյան գորգ ծախելու առևտրական խարդախությունը հար և նման է ամերիկյան գորգ ծախելու առևտրական խարդախության։

–Ո՛չ, ո՛չ,– բացականչեց վարիչը,– ամերիկացիները արևելյան գորգ ծախելու մեջ շատ անճարակ են։

–Ես առհասարակ վաճառող չեմ,– հայտարարեցի,– ես միայն արևելյան գորգի արվեստին եմ հմուտ, եթե դուք ցանկանում եք օգտվել այդ հմտությունից, ես պատրաստ եմ ձեզ ծառայելու։

–Բայց վաճառող է հարկավոր։

Ես անմիջապես գլխի ընկա, որ Գոդբաուտի մենեջըրը որոնում էր այն հայ կամ սիրիացի ժուլիկներից մեկին, որ կարող էր համոզել ցերեկ ժամանակ՝ թե գիշեր է։

–Ես կարո՛ղ եմ գտնել ձեր ցանկացած մարդկանց,– պատասխանեցի, մտածելով որ այդպիսիններին գտնելը շատ հեշը է – բավական էր մտնել մի հայկական ճաշարան և գտնել այդ կարգի ժուլիկներին։

–Բրավո՜, բրավո՜,– աղաղակեց մենեջըրը և ձեռս սեղմեց ջերմագին։