Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Իսկ դո՞ւ:

-Ես ազատ չեմ,- պատասխանեցի:

-Հըլո՜, Մագի՜,- սկսեց նորից խոսել Սուրամյանը հեռախոսով,- արի՜: Լսի՜ր, Մագի, անցյալ օրվանը չբերես հետդ, մի ուրիշին վերցրու այս անգամ, մր. Մագինկտոնն է ինձ հետ, դու գիտես, նա գիրուկներ չի սիրում:

Մր. Մագինկտոնը մոտենալով հեռախոսին՝ բարձր ձայնով աղաղակեց.

-Բայց շատ լղար չլինի՜...

Սուրամյանը և Մագինկտոնը սկսեցին հռհռալ: Հետո Սուրամյանը հեռախոսով մի համույր չփչփացրեց և կախեց ընդունարանը:

-Մագին լավ աղջիկ է:

Մր. Մագինկտոնը համաձայնվեց:

Մագին պարզապես մի պոռնիկ էր, որ հեռախոսում էր իր մշտական հաճախորդներից մեկին՝ տեսնելու համար, թե ազա՞տ է արդյոք, կարո՞ղ է իրեն ընդունել: Ուրիշ ոչինչ:

Սուրամյանն ինձ խնդրեց, որ անպայման մնամ իր տանը այդ գիշեր և մասնակցեմ իրենց «ուրախության»:

-Շուտ համաձայնվիր, որպեսզի Մագիին հեռախոսեմ, մի աղջիկ ավելի վերցնի հետը,-ասաց Սուրամյանը:

Բայց ես շնորհակալություն հայտնեցի Սուրամյանին, պատճառաբանելով, որ այդ գիշեր խաղացվում է Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» Շեքսպիրյան ռեպերտուարի հայտնի դերասան Ռոբերտ Մանտելի կողմից և ես տոմս եմ վերցրել և անպայման ցանկանում եմ գնալ:

Նախքան իմ մեկնելը, դռան զանգը տվին: Սուրամյանը դնաց դուռը բաց անելու:

Մր. Մագինկտոնը նստել էր օջախի առաջ և սիգար էր քաշում, իսկ եթե թերթ էի կարդում, երբ Սուրամյանը դուռը բաց արավ թատրոնական ձևով և ներս մտան երկու կին, գրեթե մերկ: Դրանք այն պոռնիկներն էին, որոնք կանչվեցին հեռախոսով, նրանցից մեկը հենց Մագին էր: Նրանք ներկայացվեցին ինձ իբրև օրիորդներ: «Օրիորդների» հետ ծանոթացնելուց հետո՝ ես ներողություն խնդրեցի և դուրս եկա Սուրամյանի ապարտըմանից, եզրակացնելով, որ թե՜ մր. Մագինկտոնը և թե՜ այդ կանայք պատվերներ էին ընդունում հավասար «պատվով» և սոցիալական համանման հասկացողությամբ: