Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տանը, թե՝ «եթե սոցիալիստական թերթերն էլ պատվեր տան՝ կնկարեմ»։ Սուտ էր, նա չէր նկարի, կամ եթե նկարեր էլ, կնկարեր մի ողորմելի բան։ Նա պարզապես հավատում էր ամերիկյան «դեմոկրատական» կարգերին։

Ես չեմ կարող մոռանալ նրա մի ծաղրանկարը հանրապետական թեկնածու մր․ Հիբըն Ֆուլլըրի մասին։ Նա նկարել էր մի օձ, որի գլուխը Հիբըն Ֆուլլըրի գլուխն էր, որ գտնվում էր Ուոլ Ստրիտում (Ամերիկյան Բիրժա), իսկ պոչը երկարել էր մինչև ստորերկրյա տրամվայների տակը, ռելսերի հետ զուգահեռ էր կազմում: Օձի մարմնի վրա նկարված էին բազմաթիվ մերկ կանայք, որոնք հեռվից տալիս էին օձի շապկի պատրանքը: Գլխի շուրջը բոլորվել էին Նյու-Յորքի հայտնի կապիտալիստները (ոչ դեմոկրատներ), իսկ պոչի ծայրից կախված էին զանազան մենաշնորհների պայմանագրերը:

Այս ծաղրանկարն այնքան ժողովրդականացավ, որ երկու օր հետո տպվեց մեծ և գունավոր և, իբրև պլակատ, կախվեց ամեն տեղ, մինչև անգամ դեմոկրատական եկեղեցիներում, գինետներում և հանրային տներում:

Ես շատ էի ուզում տեսնել մր. Մագինկտոնին, ուզում էի նրան տալ մի քանի հարց: Հեռախոսեցի մր. Սուրամյանին, թե արդյոք չէ՞ր կարելի տեսնել մր. Մագինկտոնին. նա պատասխանեց, որ Մագինկտոնն այժմ «սատանի չափ» զբաղված է, նրան կարելի է տեսնել միայն ընտրությունից հետո:

— Մինչև անգամ նա մոռացել է իր ամենասիրած բանը` կինը, — ասաց Սուրամյանը և ավելացրեց, — Բայց փող է աշխատում, հա՛...

Մագինկտոնն իսկապես մեծ փող էր աշխատում, միայն օձի պլակատի իրավունքը վաճառեց դեմոկրատական կուսակցության 25.000 դոլլարով, չհաշված ուրիշ բազմաթիվ ծաղրանկարների վաճառքները, որոնք գնում էին, ինչպես ասում էին, «տաք խմորեղենի նման»:

Մր. Մագինկտոնը արտադրում էր մեծաքանակ:

Իսկ նրա դիմաց` հանրապետական կուսակցության պատկանող ծաղրանկարիչները, համեմատած Մագինկտոնի հետ, շատ թույլ էին: Նրանք մինչև վերջն էլ, չկարողացան ազատվել ընդհանուր շաբլոնից, թեև մր. Գրինը, իբրև ծաղրանկարչական