Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

Մր. Մագինկտոնը եռանդուն կերպով շարունակում էր նկարել ծաղրանկարներ դեմոկրատական լրագրերի համար: Նա կողմնակից էր դեմոկրատական թեկնածու մր. Գրինին: Ընտրական պայքարի ընթացքում նրա ծաղրանկարները հրատարակվում էին մի քանի լրագրերում: Նրա որոշ նկարներից միլիոնավոր օրինակներով արտատպումներ էին լինում և ցրվում փողոցներում, կաֆեներում, թատրոններում, գործարաններում, մեծ և փոքր հիմնարկներում, եկեղեցիներում, մյուզիք հոլերում և ամեն վայրում: Նրա նկարներն արտատպվում էին նաև նահանգների լրագրերում, որովհետև Նյու-Յորք քաղաքի ընտրական պայքարը շահագրգռում էր և ամբողջ Միացյալ Նահանգների քաղաքական աշխարհը:

Ինձ միայն մի բան էր ապշեցնում — թե ինչպե՞ս էր պատահում, որ մր. Մագինկտոնը լոկ պատվերներ էր ստանում դեմոկրատական լրագրերից և այնքան աջող էր նկարում: Իհարկե, կարելի էր պատվերով նկարել, բայց ինչպե՜ս պատվիրված նկարի մեջ այսքան ուժ և խորություն կարող էր դնել նա:

Նյու - Յորք քաղաքի դեմոկրատական—կուսակցական ընտրական մեքենան, նրանց հազարավոր ճառերը, պլակատները, հոդվածները, թռուցիկները, շրջաբերականները, պորտրետները, միլիոնների կաշառքները, ինտրիգները, ստերը, լեզվագարությունները, հանդեսները, վարձված պոետները, լրագրողները, լրագրողները, քարոզիչների քարոզները, ագիտատորները, պոռնիկները, «բարձր դասու» տիկինների հրավերները, այս բոլորը այնքան մեծ դեր չէին կատարում, որքան մր. Մագինկտոնի ծաղրանկարները:

— Չէ՞ որ նա միայն պատվերներ է ստանում, — մտածում էի և չէի կարողանում գտնել, թե ի՞նչ բանի մեջ էր կայանում նրա արվեստի ուժը:

«Եթե իսկապես հավատար նա մի որևէ հասարակական դատի, ի՜նչ հանճարեղ ծաղրանկարներ կարող էր ստեղծել», — մտածում էի ես:

Բայց, երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ Մագինկտոնը պարզապես ինձ ստեց Սարումյանի

29 - Վ. Թոթովենց, գիրք 2