Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոդբաուտի ծառայողները տասնևհինգօրյա աշխատվարձ ստացանք իբրև լիկվիդացիա։

Ես անձնապես կորցրի աշնանային իմ թեթև վերարկուն, որը հրդեհի օրը մոռացել էի մեր բաժանմունքում:

Լիկվիդացիա ստացած օրս հանդիպեցի մր. Ուիգլինգին։ Նա էլ եկել էր լիկվիդացիան ստանալու։ Ստանալիս նա խոնարհվեց, խորին շնորհակալություն հայտնեց վճարողին: Երբ նա ետ դարձավ, մենք դեմ դիմաց եկանք։ Նրա աչքերից, կեղծ ժպիտի խոր գծերով, արցունքի կաթիլներ էին վազում։ Նրան չճանաչող մի որևէ մարդ պիտի կարծեր, որ նա թափում էր ուրախության արցունքներ, որովհետև մր. Ուիգլինգը ժպտում էր արցունքների միջից։

Բայց ես խղճացի այդ մարդուն՝ հիշելով 12 տարվա նրա կորացած մեջքի տառապանքը, փշերը, որ ծակծկել էին նրա հոգին և արյուն հոսեցրել ամբողջ 12 տարի։

Նա ինձ նայեց, նայեց երկար և շշնջաց.

— Ի՛նչ երիտասարդ ես, մինչև անգամ պատանի, կգնաս, նոր աշխատանք կճարես, իսկ ես...

Նրա արցունքները վազեցին ներքև դեմքի խոր գծերից, և նա կորսվեց փողոցի ահարկու բազմության մեջ:

1929 թ.