Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց կայծակնավազ թռիչքին, շունչը բռնած, թևերը բացած՝ նա կարծես սպասում էր գրկելու իր ամենասիրելուն: Նժույգներից մեկը եկավ, կանգնեց մեր առաջ, նայեց աստղասարսուռ աչքերով: Նա կարծես նայում էր հեռու, հեռու, նրա նայվածքն անսահման հորիզոններ էր ընդգրկում: Այդ նայվածքը կարծես հառում էր մի հեռավոր երկնքի: Հանկարծ նա վրնջեց: Նրա խրխինջն արձանքն էր Արևելքի հրավառ հորիզոնների. անասունի վրնջյունի մեջ զգալի էր թանձրացյալ մի կարոտ, որ հնչում էր՝ ինչպես աղեկտուր մի երգ:

— Բինտ-Էլ-Թալիբ,—շշնջացի ես,—ինչ նման են ձեր թախտերն իրար, ձեր և այդ անասունի:

Բինտն-Էլ-Թալիբը, մոռացած, թե որտեղ է գտնվում, հանկարծ բացականչեց մեր առաջ կանգնած նժույգին.

— Արի՜, արի՜, իմ ազիզ:

Այդ բացականչությունը կրակեց իմ սիրտը, բոցավառեց իմ մեջ խոր մի կարեկցություն դեպի այդ թշվառ արաբուհին, վաղեմի որբուհին: Նա զգաց, որ ես արդեն թափանցել եմ իմ հոգու խորքը: Նա հենվեց ինձ, բռնեց ձեռքս և առանց աչքերը նժույգից հեռացնելու, սղմեց երկար և արևագին:

Ինձ այնպես թվաց, որ մենք երկուսով նստել ենք արմավենու շվաքի տակ՝ արաբական ավազուտներում:

Ձին վրնջեց երկրորդ անգամ և թռավ՝ ինշպես առասպելական թռչուն:

Երբ արաբական նժույգների արշավը վերջացավ, արաբուհին խնդրեց ինձ գնալ և խնդրել արաբական նժույգի տիրոջից, որպեսզի թույլ տա իրեն գնալու և սիրելու նժույգներից մեկին:

Մեզ առաջնորդեցին ձիերի մոտ: Արաբուհին փաթաթվեց նրանցից մեկի վզովը, համբուրեց նրա վճիտ, պայծառ հեռահայաց աչքերը, որոնց մեջ հրդեհվում էր հարավի լուսը:

Ուրախ արցունքներով ողողեց արաբուհին նժույգի փայլուն վիզը, շոյեց նրա բաշը, հարյուրավոր անգամ համբուրեց նրա աչքերը, գգվեց, փայփայեց: Իմաստուն է արաբական փին, սիրում է գգվանքը: Նա կռացրեց գլուխը, դունչը քսեց արաբուհու ուսերին և տխրագին ու երկար նայեց նրան:

Ես հազիվ այդ խեղճ կնոջը բաժանեցի արաբական ձիուց: