Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմն հիշողությունը չէր օգնում, գնում, բերում էր նոթագրության իր խոշոր տետրակը, բաց էր անում տարեթիվը, ամսաթիվը, օրաթիվը՝ ասելու համար, թե տվյալ լուսանկարը որտեղ է հանված, և էշի վրա նստած մարդը որտեղացի է, անունն ինչ էր, ուր էր գնում և ինչ փողոցում, ժամը քանիսին պատահեց նրան և լուսանկարեց: Մր. Շիլդը մինչև անգամ ցույց տվեց ինձ լուսանկարչական ապարատը, որը, «շատ զարմանալի», ոչ թե Ամերիկայում էր գնել, այլ Անգլիայում:

Իհարկե, ձանձրույթից ես խորը հառաչում էի, բայց մր. Շիլդի չափազանց քաղաքավարի և սիրաչիր ընդունելությունը թույլ չէր տա ինձ ձանձրույթս կոնկրետ կերպով արտահայտել, մանավանդ՝ ամեն անգամ, երբ տիկին Շիլդին էին հանդիպում իմ աչքերը. նա նայվածքով խնդրում էր ինձ՝ լսել նրան: Ես դատապարտված էի լսել, և ոչ միայն դատապարտված էի լսել, այլև մր. Շիլդին ընդառաջելու համար՝ավելի և ավելի մանրամասնություններ հարցնել:

— Չէ, ի՛նչ եք ասում, մի՞թե, դուք այդ թվին մի՞թե Կահիրեում էիք, ո՞ր ամսին, որքա՞ն մնացիք այդ քաղաքում,— և այլն, հարցնում էի մր. Շիլդին:

Նա խորագույն բավականությամբ տալիս էր բոլոր հարցումների նողկալի մանրամասն պատասխանները:

Այս բոլորի մեջ ամենանողկալին պիրամիդների պատմությունն էր: Նա սկսեց պատմել պիրամիդների պատմությունը, մի այնպիսի պատմություն, որպիսին կարելի է գտնել հին ազգաց որևէ պատմության գրքում, մի պատմություն, որպիսին ամեն մարդ անցնում է միջնակարգում բավարար մանրամասնությամբ:

Ես նկատեցի,որ մր. Շիլդն այնքան էլ հիմար մարդ չէ, բայց նա ճգնում է ինձ զբաղեցնել, մի բան, որ ես վերագրեցի միայն նրա չափազանց հյուրասիրական զգացումներին: Այնուամենայնիվ, ես շատ հանգիստ էի զգում ինձ, որովհետև, եթե ամերիկացիները հյուրին չեն սիրում, անմիջապես զգացնել են տալիս, մի բան, որը ես շատ բարձր էի գնահատում, որովհետև նախընտրելի է, որ մեկը վռնդվի մի տնից, քան կեղծավոր հյուրասիրություն վայելի: