այդպես ասում են Արաբիայում, այնտեղ կնոջ սեփականություն են համարում, ապրանք, բայց, այստեղ էլ միևնույնն է,— ասաց Թալիբի դուստրը:
— Քաղաքակրթությունը շպար է, Բինտ-Էլ-Թալիբ,— հարեցի,— այստեղ էլ, այնտեղ էլ կնոջը դասում են ապրանքի կարգը, Արևելքում կինը «ձեռագործ» ապրանք է, իսկ այնտեղ «մեքենայական ապրանք», այսինքն՝ Արևելքում այդ տեսակի ապրանքն ավելի թանկ է, քան այստեղ:
Ապա ես խնդրեցի Բինտ-Էլ-Թալիբից այս բոլորի մասին ոչինչ չասել իր ամուսնուն:
Արաբուհին վճռականորեն պատասխանեց.
— Նա իմ ամուսինը չէ այլևս, բայց ես նրա հետ կխաղամ միևնույն խաղը, մինչև ազատվեմ նրանից:
Ապա նրա աչքերը մեղմացան, ստացան բարի և հարավի կնոջ փայլը, և շշնջաց.
— Դու օազիս ես անապատում:
— Իսկ դու սառնորակ աղբյուր ես այս օազիսում:
Թալիբի դուստրը հառեց ինձ կաթնալույս աչքերով:
Մենք փաթաթվեցինք իրար ինչպես բաղեղի երկու շյուղերն են իրար փաթաթվում:
Այդ ժամերին մր. Շիլդը ջայլամի փետուրներն են ծախում հաճախորդների Բրոդուեյի իր մեծ խանութում, ստում էր ու վաճառում ագահությամբ և կրքով:
7
Ամեն անգամ, որ պետք է վերադառնար ջայլամի փետուրի վաճառականի հարկի տակ, արաբուհին աղիողորմ արցունքներ էր թափում:
Մի օր նա ինձ մի բան ասաց և իր ասածի վրա պնդեց միամտորեն:
— Ես կարծում եմ, որ միևնույն արևը չէ, որ լուսավորում է այս երկրագունդը. կգա մի ժամանակ, երբ գիտնականները կհաստատեն, որ ուրիշ արև է արևելյան կիսագունդը լուսավորողը, ուրիշ արև է կիսագունդը լուսավորողը:
— Միևնույն արևն է ամեն տեղ, Բինտ-Էլ-Թալիբ, կյանքն