Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԵՐՏՐՈՒԴ

Գերտրուդը ֆիլմերի աղջիկ էր, կապույտ աչքեր ուներ և ոսկեգույն մազեր, թեթև կարմրավուն շրթներով, վազում էր Միջին Արևմուտքի ազատ դաշտերում: Նրա ձայնը կարկաչում էր ինչպես այդ դաշտերի արծաթյա առուները, նրա կուրծքը դեռ նոր-նոր էր բարձրանում, բումբերը լցվում էին և, դեղձի նման, աննշան, անտեսանելի աղվամազով ծածկվում:

Մի օր, երբ Գերտրուդը տուն վերադարձավ դաշտից, իրենց բակում տեսավ մի երիտասարդ, սափրված երեսով, մազերը սանրած ետևից դեպի ճակատը ծածկելու համար, որսորդի շորեր հագել, քիթը բարձր ման էր գալիս, ձեռքին՝ մտրակ: Երբ Գերտրուդը նրան նայեց, նա ատամները բաց արեց, և երեսի երկու կողմերի վրա երկու առուներ կազմվեցին, որոնք իջնում էին ներքև և բերանի երկու ծայրերում կորչում:

Գերտրուդն ինքնաբերաբար բարևեց նրան, ծիծաղեց բարձր և վազեց ներս:

― Ո՞մ հետ էիր ծիծաղում,― հարցրեց Գերտրուդին նրա հայրը:

― Ոչ ոքի հետ, բայց ի՜նչ ծիծաղելի մարդ է:

― Ո՞վ,― էլի հարցրեց հայրը:

― Չեմ իմանում ով է, մեր վակում մի մարդ է ման գալիս,― պատասխանեց Գերտրուդը:

Հոր դեմքը կծկվեց, այծամորուսն սկսեց շարժվել: Գերտրուդի մայրն անմիջապես մոտեցավ իր ամուսնուն: