Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աման լվանա՞լ, դա մարդու գործ չէ, անասունի գործ է, պետք է փող ունենալ և ազատվել աման լվալուց,— պատասխանում էր Գրոզբին զայրացած։

Ես զարմանում էի, թե ո՞ր անասունն է, որ պիտի ցանկանար կամ կարողանար աման լվար, ամանն իսկապես մարդը պետք է լվար, և այսպիսով մխիթարվում էի։

Գործնականության տեսակետից ես միայն մտածում էի իմ վեց դոլլարի պարտքի մասին և ուրիշ ոչինչ, ինձ միայն հետաքրքրում էին դոկտոր Մընրոյի դասախոսությունները հունական փիլիսոփայության զանազան դպրոցների մասին։ Երբ դուրս էինք գալիս դոկտոր Մընրոյի՝ Սոկրատի մասին կարդացած դասախոսությունից, պատմում էի Գրոզբուն, որ ես աչքերովս տեսել եմ Ակրոպոլիսը և Սոկրատի բանտ-քարայրը։

Գրոզբին ապշելով բացականչում էր.

-- Ինչ տգետ ես: Եվ դու դեռևս ասում ես, որ փողը հարկավոր չէ. պետք է մեծ փող աշխատել և տեսնել այդ բոլորը:

-- Վեց դոլլարից ավելի չեմ ուզում. վեց դոլլար լիներ, ավելին քեզ կտայի,— պատասխանում էի Գրոզբուն։

Գրոզբին ծիծաղում էր ինձ վրա, որ ես միայն վեց դոլարով կարող էի երջանիկ լինել, բայց ես հաստատ համոզված էի, որ նա ժպտալով կառներ, եթե նրան վեց դոլլար տար մեկը:

Մի օր Գրոզբին աման լվալու ժամանակ մոտենալով ինձ՝ ասաց.

— Թո, մի միլիոն դոլլար աշխատելու ճանապարհը գտել եմ։

Ուոլտրը Գրոզբին կատակ անել չէր իմանում. նրա բոլոր խոսքերը լուրջ էին և ծանրորեն կշռված, դրա համար ես իսկ լրջացա։

— Ինչպե՞ս,— հարցրի։

— Միլիոն աշխատելուց հետո կասեմ,— ասաց և լռեց։

Չմտահոգվեցի այդ մասին. զբաղված էի Սոկրատի վերջին ճառով, որ նա արտասանել էր աթենացիների առաջ իր դատավարության ընթացքում։

Երբ ամանները լվացինք և դուրս եկանք յուղերի ու կեղտերի աշխարհից: Գրոզբին էլի խոսք բաց արավ և ասաց.