Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոշոտել: Ուրախ եմ, որ եկա հյուսիս, հանդիպեցի ձեզ,— վերջացրեց Թոմը։

— Ինչո՞ւ մեզ այնքան հավանում ես,— հարցրի:

— Չգիտեմ, կարծես դուք էլ սև եք, կամ կարծես ձեր մեջ ես էլ եմ սպիտակ։

— Այո, մենք կա՜մ սև ենք, կամ սպիտակ բոլորս միասին, մենք սոցիալական միևնույն շերտն ենք կազմում, մարդկանց մեջ տարբերության դնողը մորթը չէ, այլ...

— Ես ձեզ հասկանում եմ,— պատասխանեց Թոմը և չթողեց, որ շարունակեմ։

Բայց Թոմի մեջ կար մի միտք, որ արմատացած էր մինչև նրա հոգու խորքը: Նա միշտ կրկնում էր.

— Քո բոլոր ասածները ճիշտ են, բայց մի բան շատ սխալ է։

— Ո՞րն է այդ։

— Այն, որ ասում ես, թե մարդասիրություն չկա, ամեն բան տնտեսական երևույթների արդյունք է, բայց կա մարդասիրություն, մարդասիրությունը տնտեսական երևույթների հետ կապ չունի։

Ես հեգնորեն ծիծաղեցի:

Թոմը զայրացավ։ Իմ բերած բոլոր օրինակների դեմ նա հանդիսավոր կերպով հայտարարեց.

— Ապա Լի՞նքըլնը, մի՞թե Լինքըլնը մարդասեր չէր։

— Դու մատնանշեցիր մի անուն, որով կարելի է պարզաբանել ամեն բան։

Թոմը քիչ մնաց իրեն կորցներ — Լինքըլն և ոչ—մարդասեր — որևէ սևամորթ կարող էր խելագարվել:

Ես նրան անմիջապես հանգստացրի.

— Լինքըլնը մեծ մարդ է, և ամբողջ մարդկությունը երախտագիտությամբ պետք է հիշի նրա անունը, բայց տրամաբանությունդ չպետք է կորցնես, որպեսզի ամեն ինչ հասկանաս։

Ես Թոմին տվի մի փոքրիկ բրոշյուր և խնդրեցի նրան ուշի—ուշով կարդալ այն և հետո լսել ինձ:

— Շատ լավ, կկարդամ։

Այդ գիրքը թվարկում էր Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմի պատճառները։