Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Թոմը գիրքը վերջացրեց և ետ բերեց, ես ասացի նրան.

— Տեսնո՞ւմ ես, Լինքըլնը մեծ մարդ լինելուց չի դադարում, բայց սևերի ազատագրության պատճառն երբ տնտեսական են, սևերը տնտեսական պատճառներով են ազատագրվել և ոչ թե մարդասիրական պատճառներով։

— ճիշտ է, ճիշտ է,— պատասխանեց Թոմը։

2

Թոմը կամաց–կամաց խորացավ սոցիալական գիտությունների մեջ. նրա համար, ամենից առաջ, պարզ եղան դասակարգերը և դասակարգային կռվի էությունը։

Բայց Թոմն իր սոցիալական գիտությունների ամբողջ պաշարը գործադրում էր մի բանի հաստատման.

— Ուրեմն ինչո՞ւ ես իրավունք չունենամ սիրելու մի սպիտակ և աղքատ աղջկա։

— Իհարկե իրավունք ունես,— ես հայտարարում էի անկեղծորեն:

- Ապա ինչո՞ւ, ինչո՞ւ...— Թոմը չէր կարող շարունակել, հուզվում էր և լաց լինում։ Արցունքի կաթիլները գլորվում էին նրա սև և փայլուն այտերի վրայից:

- Նա սիրո՞ւմ էր քեզ։

- Ի՞նչ իմանամ, ես նրա հետ չեմ խոսել, ես նրան միայն տեսնում էի։

Տիրում էր լռություն։

- Ես խղճում էի այս երիտասարդ սևամորթին, որի սիրտը տոչորվում էր սիրուց՝ ինչպես անապատի անջուր բույսը։

- Գիտե՞ս,— ասում էր Թոմը,— նրա մարմինն այնպես սպիտակ էր, կարծես հաց լիներ։ Մի անգամ, երբ նա ունիվերսալ խանութում գնումներ էր անում, ես մոտեցա նրան, այնքան մոտ էի ես նրան, այնքան մոտ, որ հոգիս ճնճղուկի պես թռչկոտում էր։ Նրա մարմնի բուրումը նման էր լողացած մանկան մարմնի բուրումին։ Նա մի անգամ ինձ նայեց, ես կորսվեցի նրա աչքերի օվկիանում:

- Թո՛մ,– ասացի նրան,— մոռացիր այդ բոլորը։