Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամանակակից հեքիաթ

1

Երբ մենք տրամվայից ցած իջանք Ջորջը հանդիպեց Եվային։ Եվան,որին Ջորջը Իվ էր կանչում, տրամվայի էր սպասում։ Եվան թևի տակ փոքրիկ բրոշյուրների մի կապոց ուներ։ Երբ Ջորջը սկսեց Եվայի հետ խոսել,Եվան չկարողացավ տրամվայ բարձրանալ։ Ջորջը նրան ինչ որ պատվերներ և հրահանգեր տվեց ոստիկանությունից զերծ մնալու համար։

-Հենց որ ասեն հեռացեք,հեռացիր,Իվ սիրելիս,-ասաց Ջորջը նրան։

-Եթե հեռանամ ոչինչ չեմ կարող վաճառել,-պատասխանեց Իվը։

-Կգնաս ուրիշ փողոց, փողոցները միշտ կփոխես խուսափելով ոստիկանությունից։

Երբ հաջորդ տրամվայը եկավ, Իվը ուրախ տրամադրությամբ ցատկեց տրամվայի վրա և հեռացավ։

Իվը կապույտ աչքերով, ոսկեթել մազերով, միջահասակ, սպիտակ մորթով, գիրուկ, արագաշարժ և կարմիր պարզ գլխարկով մի աղջիկ էր։

-Գնում է սոցիալիստական գրականություն վաճառելու,-ասաց ինձ Ջորջը,-զարմանալի աղջիկ է, միշտ դիմադրում է ոստիկանության և միշտ էլ ձերբակալում է, բայց հոգի աղջիկ է,-շարունակեց Ջորջը։

Ջորջն ինձ պատմեց, որ իրենց ձեռքի տակ կան այդպիսի տասնյակ աղջիկներ, որոնք սոցիալիստական գրականություն են տարածում գիշերները Նյու-Յորքի մեծ փողոցների անկյուններում։