Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


-- Այս րոպեիս,- հարեց Ջորջը և կորսվեց միջանցքի մթում:

Մի րոպե անց Ջորջը վերդարձավ, լուցկին վառեց և կպցրեց թե միջանցքի և թե դահլիճի լույսերը:

Պարզվեց, որ մի 25 սենտանոց էր հարկավոր, որ գցեին խոհանոցի անկյունում հաստատված ապարատի մեջ գազ ստանալու համար:

Երբ լույսերը վառվեցին, Ջորջն ինձ ծանոթացրեց տիկնոջ հետ, որ 35 անց, նիհար, տժգույն և տխուր աչքերով մի կին էր:

-- Ուր է Մարկը,- հարցրեց Ջորջը:

--Կարծելով, որ դու ուշ ես գալու, գնաց 25 սենտ փոխ վերցնելու բանվոր ընկերներից,- պատասխանեց տիկինը,- երևի շուտով կգա:

-- Շատ լավ, եթե գա, ինձ լուր տուր, խնդրեմ,- հարեց Ջորջը,- մենք մի քիչ գործ ունենք:

Ես և Ջորջը բարձրացանք վերևի հարկը, Ջորջի սենյակը: Ջորջն այնտեղ վարձով էր բնակվում:

-- Տեսնում ես թշվառությունը,- դարձավ ինձ Ջորջը,- Մարկը էլեկտրական գործարանի բանվոր է, Նյու-Յորքը իր բյուրվոր լույսերը ստանում է այդ գործարանից, իսկ Մարկի բնակարանը մթումն էր, ինչպես տեսար:

Ես չպատասխանեցի: Հետզհետե պարզվում էր իմ առաջ տնտեսական- սոցիալական պայքարի ամբողջ էությունը:

Երկար լռությունից հետո

-- Ինչ ես մտածում, բարեկամս,- հարցրեց Ջորջը:

-- Մտածում եմ,- պառասխանեցի,- որ բանվորները նման են հողի տակ գտնված բյուրավոր կենսունակ նյութերին, որոնք սնունդ են տալիս բուսականության արմատներին, աճեցնում են, օրինակի համար, վարդը, հազարավոր ծաղիկները, պտուղները, իսկ իրենք մնում են մթում, հողի տակ, անտես:

-- Այո, այո, բանվորները նման են այդ նյութերին, որոնք աճեցնում են ամեն մի բարիք, իսկ տես, թե որոնք են, որ վայելում են այդ բարիքները:

-- Ես ճանաչում եմ վայելողներին, ես ճանաչում եմ, տեսել եմ նրանց շքեղ կեղտերը: