Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեռնել է՝ ճարա չկա, ամեն բան կանցնի, դուն ըսե քի մահ չըլլի,— փիլիսոփայում էր նա։

Ձյունն ու սառնամանիքը տևում էին երեք ամիս։

Մեր փողոցի չքավոր տները զբաղված էին բամբակի բոժոժներ մաքրելով, իսկ հարուստ ընտանիքները ուտում էին անդադար և որոճում։ Մարմինները անհամաչափ ուռչում էին, վզերից ճարպոտ մսեր էին կախվում, դառնում էին դանդաղ, ծույլ, քնկոտ, խոսում էին անհոգ, բերանները ծամածռելով, ծիծաղելով անտեղի, քնում էին երկար, կարծես զարթնում էին միայն ուտելու, որոճալու և նորից քնելու համար։ Մարմնի ճարպոտ ուռուցքներից բացի, վրա էին հասնում հղիության ուռուցքները։ Ձմեռվա կեսերին այդ ուռուցքները դառնում էին չափազանց ակնբախ։

Ձմռան կեսերին մեր տան բնակիչները, բացի հայրիկից և եղբայրներից, ուռչում էին այդպես, կլորանում, անվերջ թթու էին ուտում, ուտում էին մյուսներից գաղտնի, և քիչ անց սկսվում էին տան մեջ, զանազան գաղտնի անկյուններում, կանացի ճիչեր, իրարանցում տան կանանց շրջանում, և կանացի ճիչերին հաջորդում էին նոր ծնված երեխաների «ընղա»-ները։ Տան ամեն մի սենյակում, ամեն մի անկյունում լսվում էր նրանց ճվվոցը։ Խոհանոցից անցնել չէր կարելի, մարդահասակ բարձր թոկեր էին քաշած և վրան փռած երեխաների շորեր։ Ամբողջ վեց ամիս այդ թոկերը չէին մերկանում, շորերը լվացվում էին անվերջ և անվերջ կախվում, շատ անգամ մի քանի շոր իրար վրա կախված՝ թոկերի կարճության պատճառով։

Սկսվում էր հորս ջղայնության շրջանը, դուրսը՝ ձյուն, սառնամանիք, ներսը՝ անվերջ ճվվոցներ։ Նա ամեն օր հարցնում էր.

— Էսօր ամսու քանի՞սն է։

Ուրախանում էր, որ պատասխանում էին՝

— Ամսու երեսունն է։

— Է՛հ, աս ամիսն ալ գլտորեցինք,— մրթմրթում էր նա ինքն իրեն և սկսում էր ճանապարհորդության պատրաստություն տեսնել։