Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծուլորեն օրորվում օդում, արևի ճառագայթներից լուսավառվելով, նման հրդեհի մեծ բոցերից կտրված լեզուների։

Սկսվում էր ահարկու մի պայքար աշնան քամու և արևի միջև։ Ամենահզոր արևը վերջ ի վերջո տեղի էր տալիս քամուն, որ կամաց-կամաց դառնում էր անգութ մի սառնամանիք։

Դաժան, երկարատև ձմեռ։ Ձյունը թափվում էր մեծ, տերևի չափ փաթիլներով, լցնում էր փողոցը, բարձրանում, հասնում էր մինչև լուսամուտները, տները գերեզմանվում էին երկրի խորքում, դռները փակվում, փողոցը հավասարվում էր մոտավորապես տանիքներին, և փողոցից ուղղակի քայլում էին դեպի տանիքը և տանիքի դռնից իջնում տան ներքնահարկը։

Ձյունը, փողոցները լցնելուց հետո, միառժամանակ դադարում էր։ Անողոք ցուրտը սառեցնում էր ձյունը, կարծրացնում, և ձյունը սկսում էր ոտների տակ ճզրտալ, խշխշալ։ Փողոցներից անցնողների թիվը իմանալու համար հարկավոր չէր լուսամուտներից դիտել նրանց, որոնք արդեն ծածկված էին ձյունով, ոտնաձայներից կարող էինք գուշակել։ Մինչև անգամ հարևանների ոտնաձայներից կարող էինք ճանաչել անձնավորությունը։

Անցնում է մեկը, մայրս անմիջապես ճանաչում է նրան՝ քայլվածքից։

Կես-գիշեր է։

— Կիրակոս աղան է,— ասում է մայրս,— աս ժամուն ո՞ւր կերթա, չըլլի քի հիվանդ ունի, երսուն տարի է էդ մարդը կես-գիշերին տունեն դուրս չի գացեր, բան մի պատահեր է։

Առավոտյան մորս առաջին գործը կլիներ մեկին ուղարկել Կիրակոս աղայի տունը և հարցնել, թե ի՞նչ էր պատահել արդյոք կես-գիշերին։ Ծառան վերադառնում էր և ասում.

— Բարև էրե, ըսե քի բան չիկա, չոջուխին փորը սանջի էր կպեր՝ գացի դեղ բերի։

Մայրս անհանգստանում էր, քանի որ մահ կար, միայն մահն էր, որ մորս մտահոգություն էր պատճառում։