Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկը կուզե՞»— պատասխանում էին աղջկա ծնողները տղայի ծնողների։

Եվ կես-գիշերին աղջկա մայրը, անպայման մայրը, հարց էր տալիս աղջկան.

— Քա, Զարուկ, քեզ կուզեն, ի՞նչ կըսես։

Աղջիկը չի պատասխանում, կարմրում է, ապա ծիծաղելով փախչում։

Մայրը հայտնում է իր խորհրդակցության արդյունքն ամուսնուն՝ «էսպես, էսպես»․․․

— Է՛հ, տանք որ երթա, խելքը տեղ է ըրեր։

Մինչև առավոտ ամեն ինչ հայտնի է, բայց անմիջական պատասխան չեն տալիս, դա էժանություն է, երբեմն մինչև անգամ անցնում է մի ամիս, իբր թե աղջկան համոզում են, բայց երբ պատասխան էր տրվում, տղայի կողմից անմիջապես նշանը բերում էին, ցույց տալու համար, որ իրենց ընտրած աղջկա համար նրանք ցանկություն ունեն շուտ շարժվելու։

Եվ պատահում էր, որ ողկույզների տակ բոցավառվող սերը, լուսինը, կապույտ երկինքը բոլորովին անհամապատասխան էին լինում երկու ջահելների ծնողների հարաբերության։ Սև ամպերը կուտակվում էին, ծայր էր առնում ողբալի մի տրագեդիա։

Ոչ մի խրատ՝ ծնողներին համոզելու չէր օգնում։ Քարային համառությունը չէր փշրվում, չէ՞ որ գավառացի էին և հայ։

Եվ տարածվում էր աղետալի լուրը՝ տղան իրեն գցել է կտուրից ներքև, գանգն ամբողջ ցրիվ եկած։ Եվ ահա մի ուրիշ աղետալի լուր՝ աղջիկը թունավորել է իրեն։ Տղան իր մահվանից առաջ իր ձեռքով է տարել աղջկան խնդրած թույնը։

ԺԲ

Եվ գոյություն չուներ, բացարձակապես գոյություն չուներ պետական կամ հասարակական ոչ մի հիմնարկ, որ խնամեր խենթերին․․․