Խենթեր...
Փողոցները լիքն էին զանազան տեսակի խենթերով։ Նրանցից ոմանք եկել էին գյուղերից, ոմանք՝ ուրիշ քաղաքներից, իսկ շատերը նախկին բնիկ խելոքներ էին, որ գժվելով՝ դուրս էին ընկել տան շրջափակից։
Թերևս նրանցից մեծամասնությունը, այժմ մտածում եմ, կարող էր բուժվել, բայց ընկնելով փողոցները անխնամ՝ դարձել էր բոլորովին անբուժելի, որովհետև երեխաներն ու անկիրթներն ընկնում էին նրանց ետևից և ջղայնացնում, ավելի ևս մթագնելով նրանց հոգեկան քաոսը։
Գավառական քաղքենիությունը, որ ամեն մի հնացած, փտած սովորության համար, ինչ-որ բարոյականի համար մարդկանց կախաղան էր բարձրացնում, չուներ ոչ մի տեսակի բարոյական՝ գեթ խղճալու այդ տարաբախտ մարդկանց։ Այդ քաղքենիությունը հրճվում էր, երբ երեխաներն ու անկիրթները սկսում էին դիվային խաղերը խենթերի հետ։
Հիշում եմ պարոն Բաղդասարին։ Սա երկարահասակ, սև, երկար ու խիտ մորուքով և սև ու թավ հոնքերով մի մարդ էր։ Նա եղել էր ուսուցիչ, խենթացել էր սիրուց՝ թաղականի աղջկա էր ուզել, մերժել էին թե՝ «խաֆան լեցուն, փորը պարապ վարժապետ է» և ահա, ֆրանսական սև ռեդինգոտը հագին՝ ընկել էր տնից դուրս, ահաբեկված։
Ինչ-որ բանից վախենում էր ու... փախչում։ Ի՞նչ էր տեսնում, ոչ ոք չէր հասկանում, ոչ ոք չէր ցանկանում հասկանալ։
— Պարոն Բաղդասար, եկավ...— ճչում էին անկիրթները։
Եվ ահա պարոն Բաղդասարը փրփրում էր, կատաղում և սկսում էր վազել ազատ արձակված սև ձիու նման՝ ահաբեկված, սարսափահար աչքերով։ Մեկ-մեկ ետև էր դառնում, նայում և ավելի կատաղած ու սարսափած փախչում, փախչում էր փողոցից փողոց։ Ամեն կետից՝ դռներից, լուսամուտներից,