Մամբրե։ Պարոն Մամբրեն ժողովարանում այսպես էր աղոթում. «Տե՛ր,— ասում էր սուտ լացով,— քո սուրբ հոգիիդ գազյաղռվ[1] մեր սրտերը վառե»։
Գերմանացի մր. Էյմանը, որ կոլեջ էր բաց արել մեր քաղաքում և եռանդուն պրոպագանդ էր մղում քրիստոնյաներին քրիստոնյա դարձնելու համար, շատ էր հավանել պարոն Մամբրեին և, կանչերով իր մոտ, նրան աշխատանք էր տվել բարձր ռոճիկով, նվիրելով նրան նաև իր հնացած շորերը։ Հանկարծ մի օր Մամբրեն երևաց մեր փողոցներում եվրոպական շորերով, օսլայած օձիքով և փողկապով։ Եթե հռովմեական տոգա հագներ, այնքան տարօրինակ չպիտի թվար։ Շորերը պարտադրեցին նրան, որ մեծ բեղերը փոքրացնի։ Փոքրացրեց։
Պարոն Մամբրեն, ցանկանալով ավելի առաջ գնալ, մտածել էր շատ տարօրինակ մի բան։ Մտածելուց հետո էլ (ամենատարօրինակը) ցանկացել էր գործադրել։
Մի կիրակի, ժողովարանից հետո, պարոն Մամբրեն ապուշացած կերպարանքով (այդպիսի ապուշ կերպարանք ստանում էին ժողովարանից դուրս եկող բողոքականները, իբր թե մաքրվում էին մեղքերից) մտնում է մր. Էյմանի առանձնասենյակը և թախծոտ շեշտով սկսում.
— Մր. Էյման, շատ կը ցավիմ, որ հայ ծնված եմ։
Մր. Էյմանը, առանց մեկ երկու ասելու, տեղնուտեղը թքում է պարոն Մամբրեի երեսին և դուրս վռնդում, իսկ առավոտյան նրա առաջին գործն է լինում հեռացնել Մամբրեին աշխատանքից։
Պարոն Մամբրեն բոլորովին այլ բան էր ակնկալում, նա համոզված էր, որ մր. Էյմանը պիտի շոյի նրա «ցավը» և ավելի առաջ քաշի։ Հյուսնը մի քանի շաբաթ էլ եռանդուն աղոթեց ժողովարանում, բայց մր. Էյմանը նրան ետ չվերցրեց։ Տեսնելով, որ բողոքականներից այլևս հույս չկա, պարոն Մամբրեն, հին արհեստավորի շորերը հագած, վերադարձավ լուսավորչական եկեղեցի։ Նրա առաջին անգամ եկեղեցում երևալը տեսարան էր. ամբողջ պատարագի տևողության՝
- ↑ Նավթ։