Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր և անճոռնի հեկեկում էր, աղոթում, կռանում, գետնի կարպետը համբուրում, բարձրաձայն աղաղակելով. «Տե՛ր, մեղա, մեղա, էշություն ըրի, ներե»։

Պատարագից հետո, հանդիսավոր կերպով, Մամբրեն հաշտվեց ժամկոչի և նրա կնոջ հետ՝ ներողություն խնդրելով։ Մր. Էյմանից ստացած շորերը նվեր տվեց մի գյուղական վարժապետի, բաց արավ իր նախկին կրպակը, բեղերն ստացան առաջվա պատկառելի ձևը, և երախտագիտությամբ ընդունեց իր նախկին հաճախորդներին։

Երբեմն, երբ չար կատակի համար նրան պարոն Մամբրե էին ասում, Մամբրեն խնդրում էր. «Մ'ըսեք, մարմինս փուշ-փուշ կըլլի»։


ԺԴ

Մենք մի ազգական ունեինք, շատ հեռավոր մի ազգական, որին Մանուկ փեսա էինք անվանում։ Եվ ոչ միայն մենք, այլև ողջ քաղաքը նրան Մանուկ փեսա էր կանչում։

Մանուկ փեսան չափազանց նիհար, ոսկրուտ, բարձրահասակ, շատ փոքրիկ, կապույտ և խորն ընկած աչքերով մի մարդ էր։ Նրա աչքերն այնքան էին փոքր, որ հորաքույրս ասում էր՝ «մախաթով են ծակեր»։

Ամեն անգամ, երբ Մանուկ փեսան հայտնվում էր մեր տանը (պետք է ասել, որ շատ քիչ էր գալիս), տան հասակավորները խեթ աչքերով էին նայում և նրանից բացարձակապես ֆիզիկական սարսափ էին զգում։

Հորաքույրս միշտ ասում էր.

— Գյոռպե գյոռը եկավ...

Մանուկ փեսան կարևորություն չէր տալիս այդ խոսքերին և նայվածքներին, ընդհակառակն, քթի տակ մանրիկ ժպտում էր և՝

— Հը, ինտո՞ր եք, աղե՞կ եք,— հարցնում էր։

Ոչ ոք չէր պատասխանում։

Երկար լռությունից հետո հորաքույրս թե՝

— Մանուկ փեսա...