Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկանում էր ծախել։ Ազատ անելն էլ այն էր, որ անասունին թողնում էին բաց դաշտը, իր համար արածում էր, պառկում, վեր կենում և մի օր էլ սատկում։

Մանուկ փեսան էշը ծախեց։ Բոլորն էլ զարմացան։ Հայրս ասաց.

— Էդ էշն առնողն ինքն է էշ։

Վաճառքից ութ օր հետո՝ էշը գնողը դիմեց դատարան՝ վաճառքը չեղյալ համարելու համար։ Գնողը դատարանում պատճառաբանեց, որ էշը գարին չի կարող աղալ, ինչպես ուտում է, այնպես էլ դուրս է գալիս, և ուրեմն շուտով պետք է սատկի։

— Փողոցի հավերուն կե՞ր տի տամ,— ասում էր գնողը։

Դատը լսողները բոլորն էլ կարծեցին, որ Մանուկ փեսան խրվեց, ի՞նչ կարող էր պատասխանել, բայց Մանուկ փեսան պատասխանեց.

— Իմ ծախածը ջաղաց չէ, էշ է։

Դատարանը գտավ, որ գնողի պատճառաբանությունն անհիմն է, և որոշեց իրավունք չտալ վաճառքը չեղյալ համարելու։


ԺԵ

Հին հռովմեական այդ ճանապարհի վրա այլազան և տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկն էին՝ ամերիկահայեր, որոնք իրենց հետ բերել էին միայն արտաքին տարազ, մի քանի անգլերեն բառեր և ծամածռված բերաններ։ Ոչ միայն անգլերեն խոսելիս, այլ մինչև անգամ հայերեն խոսելիս՝ նրանք ծամածռում էին իրենց բերանները։

Օրինակ՝ մեզ շատ ծանոթ էշ Օվաննեսը, որ Ամերիկայից վերադարձին, չգիտեմ ինչու, դառել էր պարոն Հովհաննես, հայերեն խոսելիս, կարծես մայրենի լեզուն ծաղր էր գցում— ինչ-որ կարծես բերանում մի տաք բան էր լղճորում։

— Էնքան ինկլիզճե գիտե, որ փեզևենկի տղան հայերեն անգամ ինկլիզճեի պես կխոսա...— ասում էին միամիտ տեղացիները։