Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսպին, բարձրանում և ցատկում փողոց, քայլում տուն և հանգիստ քնում։

Այս գաղտնիքն իմանալուց հետո՝ մեր աչքին Մանուկ փեսան ավելի հերոսական դարձավ, թեև մենք էլ սկսեցինք ֆիզիկական սարսափ զգալ նրանից։

Երբ նրան խրատում էին, որ ձեռք քաշի այդ արհեստից, գեթ հասակն առնելուց հետո, նա պատասխանում էր.

— Շատ ռահադ գործ ունիմ...

Մանուկ փեսան մի ուրիշ հատկություն էլ ուներ, նա կարող էր ամենաբնական կերպով հաչել։ Եվ այդ հատկությունը նրան շատ անգամ էր փրկել բռնվելուց։ Երբ ոտի ձայն էր առնում գերեզմանը քանդած ժամանակ, սկսում էր հաչել, և բոլորը փախչում էին սարսափած։ Մինչև անգամ գերեզմանոցի դիմացի տներում ապրող հայերը, երբ կես-գիշերին հաչոց էին լսում, բոլորը սփրթնում էին, խաչակնքում և փսփսում.

— Մանուկ փեսան գյոռ կբանա, վո՛ւյ, մայրիկ աստվածածին...[1]

Ցերեկը, երբ փողոցից անցնում էր հուղարկավոր թափորը, Մանուկ փեսան դիտում էր լուսամուտից, մանրիկ ժպտում և ցինիկորեն ասում.

— Վա՛յ, հաջի Մուստաֆաս մեռեր է, աստծու քով կերթա կոր, թող երթա, բարի ճանապարհ, ես մեյ մը չրլբըխցնեմ դե, թող անանկ երթա։

Եվ պառկում էր, քնում, որպեսզի գիշերն աշխույժ զգա իրեն։


* * *

Մանուկ փեսան մի էշ ուներ։ Այդ էշը երկար տարիներ ծառայել էր նրան, այլևս անպետք էր և ուզում էր ծախել։ Շատերն ասում էին, որ «ազատ ըրե», բայց Մանուկ փեսան

  1. Ըստ մահմեդական սովորության՝ մեռելներին գերեզմանափոսում նստեցնում են, առանց հողով ծածկելու, միայն վրան են ծածկում հողով և փայտով։ Շները հեշտությամբ կարող էին մտնել և դիակն ուտել, բայց ոչ ոք չէր մոտենում, որովհետև շները հարձակվում էին։