Դատարանում Հովսեփը միայն պատմեց իր թշվառ մոր պատմությունը։
Այս պատմությունն այնքան սրտառուչ և ցնցող էր, որ արցունքներ կորզեց թե՛ դատավորներից և թե՛ հանդիսականներից, պատմեց, թե ինչպես մայրը գիշեր և ցերեկ լվացք է արել, այդ լվացքից մոր փափկացած մատներից արյուն է կաթկթել, պատմեց, թե քանի-քանի հարուստ և երիտասարդ մարդիկ նրա ձեռքը խնդրել են և նա մերժել է, որպեսզի իր զավակները չճաշակեն խորթ հոր դաժանությունները, և ահա, այս բոլորից հետո՝ ինչ-որ մի անծանոթ մարդ, ինչ-որ մի պարոն Ջոն, եկել է իրենց տունը՝ երջանկության բաժակը լցնելու դառնությամբ։
Թրքական դատարանն ազատ արձակեց Հովսեփին։
Երբ Հովսեփը դատարանից տուն եկավ, մայրը գրկեց նրան, ողողեց արցունքներով և ասաց․
— Ի՞նչ կըլլեր, մարդավարի ապրեր մեզի հետ։
Հովսեփն այլևս չուզեց մնալ հին քաղաքում, վերցրեց մորն ու քրոջը և հեռացավ, գնաց ուրիշ քաղաք, ազատվելու համար այն շրջապատից, որ նրան միշտ հիշեցնում էր կատարված ահավոր տրագեդիան։
Բաց արի «Արևելյան մամուլ» շաբաթաթերթը, որ հրատարակվում էր Զմյուռնիայում, բաց արի հենց փոստի պատուհանի առաջ, որտեղից մենք ստանում էինք մեր նամակներն ու թերթերը (նամակները տուն բերելու սովորություն չկար) և կարդացի իմ անունը մի ոտանավորի տակ։ Ինձ թվաց, մինչև հիմա էլ ինձ թվում է, որ իմ այդ ստորագրությունը տպված էր ոսկյա տառերով։ Ինձ թվաց նաև, որ իմ ոտները կտրվեցին գետնից, մի սավառնում զգացի, ինչ-որ թռիչք։
Ես վաղուց էի հափշտակվել բանաստեղծությամբ, կարդում էի և գրում մեր դպրոցի ձեռագիր և խմորատիպ թերթերում, ինքս էլ խմբագրել էի մեկ-երկու ձեռագիր ամսաթերթ,