Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ներքևումն եմ, ծաղկած նռնենու տակ, քիչ հեռուն գտնվող եղրևանին ծածկում է ինձ։ Բահրիեն երևաց, կանգ առավ, հևում է, դողում, ձեռքը դրած ուռած կրծքի վրա։ Գրկեցի նրան, հարբեցի նրա բուրումից, այրվեցին շրթունքներս...

— Գնանք,— ասում է,— ներս գնանք։

Կրոնավորը գիշերով գնացել է հին քաղաքն իր երկու կանանցով, ինչ-որ ժառանգական դատ կա, դրսի դուռը փակել են Բահրիեի վրա, ոչ մի կասկած չկա, որ նա կարող է դուրս գալ տնից։

Ձեռքս բռնած՝ Բահրիեն տարավ ինձ ներս, ննջարանը։

Փաթաթվում է, լաց է լինում, ժպտում, համբուրում։ Անկողինը դեռևս չի շինած, նոր է դուրս թռել միջից։ Գրկեցի թարմ, պատանի աղջկան, թավալվեցինք անկողնու վրա։ Հարբեցուցիչ է կնոջ բուրումը։

Այրեց ինձ կինն առաջին անգամ իմ կյանքում։

Վախը և առաջին ուրախությունը պաշարեցին ինձ։

Երգեցին բոլորը, իրերը ճչացին խայտանքից.

— Բահրիե...

Անշարժ պառկած է, լռությամբ ապրում է մի քանի վայրկյանի դարավոր բերկրանքը։

— Գնա, շուտ հեռացիր։

Սկսում է լաց լինել։

— Երեկոյան պիտի գան,— ասում է։

Նրա արցունքները խառնվում են երջանկության կապույտ կաթիլներին։

Երևի ցցվում է նրա դեմ ծերունին՝ դեղին աչքերով։

Գալիս է մինչև ծաղկած նռնենին։ Պոկեցի մի կարմիր ծաղիկ, փակցրի նրա կրծքին, բռնեցի ձեռքը, համբուրում եմ...

Բարձրանում եմ պատի վրա, լսում եմ նրա լացը և ուրախության հևքը։ Բահրիեն կանգ է առնում մուգ-կանաչ եղրևանու հովանու տակ, կարոտագին նայում։

Ցատկում եմ մյուս պարտեզը և հավիտենապես բաժանվում առաջին կնոջից։