Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Հաջորդ օրը ես հանդիպեցի Վերոնիկային։ Քրիստինեի հորեղբոր աղջկան։ Վերոնիկան եթերային աղջիկ էր, խարտյաշ աչքերով, եղնիկի նման թեթև և վարդի գույնով։ Ամեն անգամ, երբ ես նրան հանդիպում էի, մերկանում էր իմ հոգին նրա առաջ, բայց այս անգամ իմ հոգին ծածկվել էր վարդագույն ամոթի քողով։ Ես չկարողացա նայել նրա աչքերի մեջ։ Բռնեցի ձեռքը, համբուրում եմ ու լաց լինում։ Ուզում եմ խոստովանել, բայց հոգիս չի մերկանում, ես ինքս կանգնած եմ իմ հոգու փակ դռների առաջ։

— Մայրիկդ հիվա՞նդ է,— անմեղորեն հարցնում է Վերոնիկան։

— Ոչ, մայրիկս հիվանդ չէ։

Ոչ մի կերպ նա չի կարող գուշակել։ Նա ման է գալիս դեռևս անմեղության կապույտ բլուրների վրա։ Իհարկե, նրա կրծքում ևս շշնջում է բնությունը ինչ-որ դյութիչ, կախարդական երգ, բայց հեռու է իմ հանցանքը գուշակելուց։ Վերոնիկան երբեք, երբեք չէր կարող պատկերացնել, որ մի կին, մի ծաղկատի կին, բաց է արել իր մարմնի թաքուն գանձերը իմ առաջ առանց ամաչելու։

Գնում ենք պարտեզի խորքը։ Ծաղիկներ են ճզմվում մեր ոտների տակ, իսկ ծառներից մրգեր են կախվել։ Որոշում եմ, որ երբ հասնենք բարձր թթենուն, խոստովանեմ իմ հանցանքը, բայց երբ հասնում ենք թթենուն, Վերոնիկան սկսում է վազվզել և աղաղակել. «Ինձի բռնե»։ Վազում եմ, չեմ ուզում շուտ բռնել, վերջապես բռնում եմ, և մեր շրթունքները, անիմանալի ինչ-որ մղումից, փարվում են իրար։ Բոլոր տերևները, թվում է, ծափ են տալիս, մրգերը երգում են, իսկ պարտեզը, ինչ-որ ոսկյա ծնծղա, թրթռում է։

— Վերոն,— լսվում է ցածր։

Դառնում ենք։ Քրիստինեն։ Մոտենում ենք։ Քրիստինեն ամբողջ մարմնով դողում է։ Հազիվ շշնջում է.

— Բենոն կուգա։

— Թող գա,— ասում է Վերոնիկան և թևերը վեր բարձրացնելով՝