միրգ է քաղում։ Նրա կուրծքը հուզմունքից կարծես ուզում էր երկինք թռչել։
Բենոն Վերոնիկայի եղբայրն էր և իմ դասընկերը։ Նրա մոտենալուց չէր, որ Քրիստինեն դողում էր, նա դողում էր մեր համբույրից։
Բենոն մոտեցավ։ Միասին բարձրացանք թթենին։ Թութն այրվել է արևից, ցամաքել, քաղցրացել։
Վերոնիկայի գլխի վրա ևս փշրվեց երկնքի փիրուզը, փչեց անապատի մահաշունչ խորշակը, և նրա մարմինը ծածկվեց ավազների տակ։
Միայն առավոտյան աստղը մի քանի կաթիլ արցունք թողեց նրա վրա, ապա երեկոն իջավ արյունալից աչքերով։
Առավոտ։ Գորշ, մռայլ երկինք, բայց ձյունն ամբողջ գիշեր թափվել է, ծաղկել երկիրը շուշաններով։
Պայուսակը կռնատակիս դուրս եմ գալիս տնից՝ վազելու դպրոց։ Շները ողջունում են իմ առավոտը։
Տեսնում եմ՝ մարդիկ քայլում են արագ, լուռ, տարված մտքերով։ Մի կին է կանգնած առաջին փողոցի անկյունում, նրա աչքերում անդնդախոր լռություն կա։
Ընդհանուր լռություն է տիրում, կարծես ձյունը մի վիթխարի դագաղի սպիտակ սավան է։ Բնազդորեն զգում եմ, որ մի բան կա, որն ինձ ահ է ներշնչում, այդ ահն աճում է, ինչքան առաջ են շարժվում քայլերս։
Մի տան լուսամուտի վարագույրը խորհրդավոր կերպով քաշում են ներսից, կարծես չեն ցանկանում, որ օրվա լույսը թափանցի ներս։ Մեկը դուռը բաց է անում, երկյուղալից աչքերով նայում է փողոցին վերից վար ու փակում։
Հանդիպում եմ Գրիգոր աղային, դանդաղաշարժ մի մարդ, բայց աճապարում է։
— Ո՞ւր կերթաս,— հարցնում է։
— Դպրոց,— պատասխանում եմ։
Ուզում է մի բան ասել, բայց ձեռքը թափ է տալիս ու