Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտյան, մթնշաղին, սուլթանական բռնակալությունը կտրել է երկու հեղափոխականի գլուխ։

Մյուսը քաղաքի վերևի հրապարակումն է։

Առաջին անգամ տեսնում եմ չար բռնակալության պատկերը, զարհուրելի պատկեր։

Տխրեց իմ մանկական հոգին։

Ուզում եմ տուն դառնալ, բայց հրապարակի վերևում բարձրանում է մի աղմուկ։ Բազմություն։ Վազում եմ։

— Ֆուադ բե՜յը, Ֆուադ բե՜յը․․․

Ֆուադ բեյը գեղեցիկ գլխով, խարտյաշ, երազուն աչքերով մի թուրք է, երիտասարդ, լայնաճակատ, նրբակազմ, բայց առնական, հագնում է չերքեզի շորեր, քայլում է դանդաղ ու հպարտ։ Ֆուադ բեյը Պոլսից աքսորված թուրք հեղափոխականներից մեկն էր, որ աղմուկ էր բարձրացրել հեղափոխականների գլխատման համար։

Ահա բարձրացավ նա մի խանութի քարե աստիճանների վրա և խոսում է հավաքված բազմության։ Նա այլևս այն երազուն աչքերը չունի, մոլեգին մի նայվածք, վսեմորեն վայրենացած, փափախը ձեռին, նրա խարտյաշ մազերը թափված են լայն ճակատի վրա։ Հազիվ կարողանում եմ լսել և հասկանալ մի քանի բառ՝ անկցի և այլն։ Վրա են հասնում բռնակալության հավատարիմ ոստիկանները, պաշարում են Ֆուադ բեյին, հրում, կապում ձեռքերը, քշում տանում։

Բազմությունը, ահաբեկված, զարհուրած, ցրվում է։

Իջնում է նորից լռությունը՝ ծանր, ծանր։

Դառնում եմ տուն։ Բոլոր լուսամուտների վարագույրները քաշված են։

Ներս եմ մտնում։

Ոչ ոք չի խոսում։

Փաթաթվում եմ մորս։

Նա լուռ շոյում է գլուխս։

Խեղդում է ինձ այդ լռությունը։

Ուզում եմ ճչալ, բայց շղթայված եմ լռությամբ։ Ամբողջ քաղաքը դարձել է մի գերեզման։

Սրտիս մեջ երբեմն լսվում է թնդյուն, խուլ արձագանքում և մարում։