Կտրված գլուխ... Չէ՞ որ միայն ոչխարի գլուխն են կտրում։
Ո՞վ է կտրել այդ գլուխները։
— Ահմեդ Չավուշը, Ահմեդ Չավուշը...— շշնջում են։
Ահմեդ Չավուշը դառնում է իմ աչքին այն առասպելական հրեշը, որի մասին շատ էի լսել, բայց երբեք չէի տեսել և չէի էլ կարող պատկերացնել։
Մի անձրևոտ գիշեր դաշունահար սպանվեց մեր դպրոցի տեսուչ Հակոբ Սիմոնյանն իր տան առաջը գտնված փշենու ծառի տակ։
Առավոտյան լուրը կայծակի պես տարածվեց — թուրքերը դաշույնի հարվածներով սպանել են Հակոբ Սիմոնյանին, թուրքեր, շները...
Լուրն ինչքան տարածվում էր, ատելությունն այնքան խորանում էր և փրփրում։
Քաղաքի մի քանի փողոցներում արդեն ընդհարումներ էին տեղի ունեցել հայի և թուրքի միջև։ Թուրքերը անցնելիս՝ հայերը հայհոյել էին — նրանց կրոնը, Մուհամմեդին, և սկսել էր կռիվը։
Ամբողջ օրն առաջնորդարանում ժողով էր տեղի ունենում, ուզում էին հեռագրել Պոլիս՝ պատրիարքին՝ բողոքելու տեղի ունեցած ոճրագործության դեմ։ Քաղաքը պաշարվեց զինվորներով, ամեն մի փողոցի անկյունում զինված ոստիկաններ էին կանգնած ու արգելում էին անցքը և անցնողներին ձերբակալում։ Ձերբակալում էին միայն հայերին։ Շատերը, ձերբակալությունից խուսափելու համար, սպիտակ ապարոշ էին կապում իրենց ֆեսի շուրջը և դուրս գնում։ Ոստիկանները, տեսնելով ապարոշը և կարծելով մոլաններ, ազատ անցք էին տալիս։ Մինչև երեկո քաղաքը լցվեց «մոլլաներով»։
Երեք օր շարունակվեց այդ դրությունը և գնալով դարձավ մի մութ մղձավանջ։ Դիակը մնաց իր բնակարանում՝ հարազատներով շրջապատված։