Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդը, որ համաձայնել էր դահճի դեր կատարել, գլուխները կտրելուց հետո էլ ափով վերցրել էր արյունը, քսել միրուքին և կտրված գլուխներից մի քայլ հեռու չոքել և աղոթել ալլահին։

Կես-գիշերին սկսվեցին ձերբակալումները և տևեցին մինչև առավոտ։ Առավոտյան բանտը լցվեց հայերով։ Մինչև բանտ հասցնելը՝ ծեծում էին, վիրավորում, թքում, անպատվում։

Դեպքի երեկոյան Չավուշը կնոջն ասե՛լ էր, որ գնում է գյուղ։ Շատ անգամ էր նա գյուղ գնում։ Գնացել էր շուկա ձի վարձելու։ Խոստացել էին ձիապանները, բայց սպասեցրել։ Ահմեդ Չավուշը մինչև կես-գիշեր սպասել էր ձիուն, չէր ստացել և հուսահատ տուն էր վերադարձել կես-գիշերին, տեսել էր մի ջահել թուրք իր տանը, կինն էլ՝ նրա գրկում։ Չավուշը, կատաղած, ջահել թուրքին խեղդել էր և նետել հորը, կնոջը խեղդել էր և թողել անկողնում, բարձրացել կտուրը և սկսել էր ոռնալ՝ «Հայերը կնոջս խեղդեցին ու փախան...»։

Ահա այսպես էր պատահել դեպքը։

Ջահել թուրքի դիակը հանեցին հորից, ձերբակալեցին Ահմեդ Չավուշին։ Հորը նետված թուրքի ծնողները հարուստ էին և ազդեցիկ, հետապնդեցին արդարադատությունը և Ահմեդ Չավուշին աքսորեցին Կոնյա՝ արգելելով նրան վերադառնալ։

Բոլոր ձերբակալված հայերին միասին ազատ չարձակեցին, այլ մեկ-մեկ, կամաց-կամաց, ամենավերջինին՝ ամենավերջին օրն էլ հարցաքննելով Ահմեդ Չավուշի ոճիրի կապակցությամբ։


* * *

Մի թուրք մոտենում էր մի հայ խանութպանի և հավանելով մի ապրանք՝ արժեքն էր հարցնում։

— Արշինը տասը ղուրուշ,— պատասխանում էր հայ խանութպանը։

— Հինգով տուր,— առաջարկում էր թուրքը։