— Չեմ կրնար տալ, ընծի արդեն ութը ղուրուշ մալ է եղեր։
Թուրքը պահանջում էր, որ հինգով տա, հայը չէր տալիս, թուրքը հեռանում էր ատելությամբ, ատամները կրճտացնելով:
Անցնում էր մեկ-երկու օր, և ահա փողոցում մի իրարանցում — թուրքերը ծեծում են ինչ-որ հայու։
Արշինը հինգ ղուրուշով ապրանք չտվող հայ խանութպանն է ծեծ ուտողը։ Թուրքն էլի էր հանդիպել նրան փողոցում։ Թուրքը հարցրել էր.
— Հինգ ղուրուշով չե՞ս տար, գյավուր։
— Ո՛չ։
Եվ թուրքն սկսել էր բղավել։
— Դինիմե սեոտի[1]... հասեք, ես խաղաղ անցնում էի, Մուհամմեդին հայհոյեց, սուրբ կրոնը հայհոյեց...
Ահա ամբոխը կոտրտում էր հայ խանութպանի քիթն ու բերանը, իսկ հայ խանութպանն ամեն մի հարվածին պատասխանում էր.
— Հինգ ղուրուշով չեմ տար, ամա ձրի կուտամ, տարե՛ք։
Ոչ ոք չէր հարց տալիս, թե ինչո՞ւ ծեծ ուտող մարդն այդ խոսքերն է աղաղակում, ի՞նչ կապ ունեն այդ խոսքերը սուրբ կրոնի հետ։
Պատահում էր ուրիշ դեպք։
Մի քանի հայ, ամայի մի վայրում, հանդիպում են մի թուրքի, բոլորովին անծանոթ։
— Հայդե՛, ծո, աղեկ բռնեցինք...
Մոտենում էին թուրքին, խոսակցության բռնվում, անարգական խոսքեր ասում, թուրքը պատասխանում էր փոխադարձ անարգական խոսքերով։
- ↑ Կրոնիս հայհոյեց։