Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Հռչակվեց օսմանյան սահմանադրությունը։

Համբույրներ, գրկախառնումներ, ողջագուրումներ, սիրո և եղբայրության լիրիկական զեղումներ։

Բաց արին բանտի դռները, դուրս եկան քաղաքական բանտարկյալները, որոնց մեջ և իմ երկու ուսուցիչները։

Կառավարական շենքի առաջ կատարվեց ազատության հանդես, դուրս եկան և խոսեցին թուրք հեղափոխականները Կանունը էսասիի[1] մասին։

Առաջին անգամն էր, որ ես տեսնում էի թուրք հեղափոխականներ. մի՞թե թուրքը երբևիցե կարող էր հեղափոխական լինել — այսպես էին ինձ ասել, այդպես էլ հավատացած էի։

Այդ հանդեսից էի վերադառնում, հոգնած, փոշեթաթավ, քաղցած և բերկրանքով լեցուն։

Փողոցում հանդիպեց ինձ Շեմսին։

Երկար ժամանակ էր մենք իրար չէինք բարևում։ Նա իմ հորս էր գյավուր անվանել, ես էլ իր հորը իթ անվանել։ Մենք շատ էինք այդ ածականներն ասել իրարու և հաշտվել, բայց այս անգամ մենք վիրավորել էինք մեր ծնողներին։

Մանավանդ ես դաշունահար վիրավորվել էի նրա խոսքից, որովհետև այն ժամանակ, երբ Շեմսին հայհոյեց հորս՝ նա գերեզմանում հող էր դառնում...

Շեմսին ինձ նայեց աչքի պոչովը։

Ես էլ։

Ժպտացի։

Նա էլ։

Ես չեմ կարող ասել, թե ինչպես մեր ոտները շարժվեցին ու մոտեցան իրար և մեր թևերը փաթաթվեցին իրարու։

Շեմսին ինձ քաշեց-տարավ իրենց տունը։ Օտարոտի թվաց այդ հին տունը, վաղուց էր չէի տեսել։ Շեմսին ինձ առաջնորդեց ներս, ոտնակոխելով տան հարեմական սովորությունները։ Համբուրեցի նրա մոր ձեռքը, դարձա և տեսա

  1. Սահմանադրության։