բանտ վճռեցին և ծեծելով տարան բանտ, իսկ Տիգրանը դատարանում միայն մի բան էր խնդրում.
— Քանդեցեք թաշկինակը և տեսեք թե՝ վերք կա՞։
Դատարանը գտավ, որ կառավարական բժշկի տեղեկանքը կա և բավական է։
Երբ Տիգրանին տարան բանտ, և մենք էլ դուրս եկանք, ես իմ այս աչքերովս տեսա, որ թուրքը իջավ փողոց և հանգիստ սրտով քանդեց ճակատի թաշկինակն ու դրավ գրպանը — ոչ մի վերքի հետք, մինչև անգամ ճանկռտուքի հետք չկար ճակատի վրա։
Մի օր, ցերեկով, մի սարսափելի լուր տարածվեց — մի հայ սափրիչ ածիլվող մի թուրքի վիզն է կտրել։
Լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Ամեն մարդ ջանաց անմիջապես խանութը փակել և տուն գնալ։ Տասնևհինգ րոպեում քաղաքի շուկան ստացավ կիրակնօրյա կերպարանք՝ դատարկվեց։
Ի՞նչ էր պատահել։
Հայ սափրիչը թուրքին ածիլելիս է եղել, երբ սափրիչին մի ծանոթ հայ ներս է մտնում և նրա ականջին շշնջում.
— Դուրսը թուրքն ու հայն իրար են խառնվեր, դուն ի՞նչ կենես հոս։
Այդ եղել էր պարզ մի կատակ։
Սափրիչը, մի վայրկյան մտածելով, որ դուրսն արդեն սկսել են, իր առաջ կա կենդանի պատեհություն, լավ է ձեռաց օգտվել այդ պատեհությունից, կես քնի մեջ ածիլվող թուրքի վիզը կտրում է, ընկնում դուրս՝ ածելիով խառնվելու դրսում սկսված պայքարին: Տեսնում է, որ դրսում ամեն ինչ խաղաղ է և ահաբեկված զարհուրելի հեռանկարից ձին նստում է ու փախչում քաղաքից դուրս։
Երեկոյան սափրիչի կնոջը ոստիկանները տանում են բանտ ծեծելով և ստիպելով.
— Ամուսնուդ թաքստոցն ասա։