Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն այն տարբերությամբ, որ այս անգամ կողմերն իսկական հայեր և թուրքեր էին, խաղում էին լուրջ և իրական հողի վրա, անսահման ատելությամբ բոցավառված։

Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք մեզ չէր ասում թե՝ մի խաղաք այդ խաղը։ Երբ մենք խաղում էինք, մեծերը, բեղերով մարդիկ, շատ լուրջ և իմաստուն մարդկանց համբավ ունեցող մարդիկ, դիտում էին այդ խաղը և ժպտում։ Եվ, առհասարակ, դիտողները հրճվում էին, երբ «թուրքերը» պարտվում էին։ Խաղի պաֆոսն այնքան էր խորանում, որ «հայերը» «թուրքերին» խաղի ժամանակ կանչում էին այն անարգական ածականներով, ինչ որ իրական կյանքում, խաղից դուրս։

Խաղն սկսելու համար մենք միշտ կանգնած էինք լինում մի դժվարության առաջ՝ ոչ ոք չէր ցանկանում «թուրք» լինել։ Ստիպված էինք լինում վիճակ գցել։ Ով որ «հայ» էր քաշում, անսահման ուրախանում էր, իսկ «թուրք» քաշողները տխրում էին, ակամա մասնակցում խաղին, պարզապես մանկական խաղի կարգապահության կարգով։

Մենք մեծանում էինք այս ոգով։

Եվ գալիք սերունդները կը պատմեն մի զարմանալի հեքիաթ։

«Լինում է, չի լինում, մի փոքրաթիվ և հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանա ծովից մինչև Միջերկրական, Բաղդադից մինչև Բյուզանդիոն։ Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտն հավաքող, ծառա, ճորտ և այլն։ Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները նրա սահմաններից դուրս, սիրաբորբոք սիրում են նրանց և Արևմտյան պետությունների մինիստրները, որովհետև այդ ժողովուրդն ուներ սև ու սիրուն աչքեր և տարածում էր կուլտուրա ողջ խավար Արևելքում։ Սիրաբորբոք սիրուց մղված՝ իր հարուստ ցեղակիցները և Արևմտյան մինիստրները հրում են այդ ժողովրդին դեպի կռիվ իր հարևանների դեմ, հարևաններ, որոնք տարբեր էին կրոնով, արյունով և կուլտուրայով, ունեին սուրեր և զրահ, ռազմատորմիղ