և գերակշիռ թիվ։ Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում։ Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը, և արյան գետեր են հոսում։ Հին այդ ժողովրդի ականջին գոռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները. «Եկել է ազատության ժամը, խփիր քո հարևանին, խփի՛ր նրա մահիկին քո խաչով»։ Հին այդ ժողովրդի սև ու սիրուն աչքերը փայլում են ազատության տենչից, սկսվում է անհավասար կռիվ, զարկում են, զարկվում, և հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր՝ իբրև կոշմարային հիշատակ։
Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները՝ ոսկորների և մոխիրների վրա։
Եվ երկնքից ընկնում է երեք խնձոր...»
Այդ աշխարհում մի սերունդ կար, որ մեծացել էր բաղնիքների ետևում դիզված կայծեր պարունակող մոխրակույտերի մեջ։
Այս սերունդը թուրքերեն լեզվով կոչվում էր քյուլխան բեյի — մոխրակույտերի իշխան,— որոնց ծնունդը հար և նման էր մեզանից 1930 տարի առաջ ծնված Նազովրեցի Հիսուսի ծնունդին՝ անհայր, որովհետև մեր դարում չէր ճարվի մի դուրգար Հովսեփ, որ կնության առներ մի կույս՝ երեխան գրկում։ Այդ կույսերը տանում, ձգում էին իրենց ոտի ելած մանուկները բաղնիքների ետևում դիզված մոխրակույտերի մեջ, և նրանք մեծանում էին առանց Հովսեփի ու առանց «սուրբ կույս» մոր։
Ձմեռները նրանք բաց էին անում մոխիրները, մտնում մեջը, պառկում, մոխիրը քաշում վրաները և քնում՝ ազատվելով անգութ և անկարեկից ցրտից։
Մոխրակույտերի այս իշխաններն ապրում էին կիսամերկ, մեջիդների դռներին սլքտալով, ապտակ ուտելով։
Ճաշում էին աղբակույտերում, ձմերուկի, սեխի, խնձորի կեղևներով, կատուների ճանկերից մսի կտորներ գողանալով,