ձի պահող, իսկ մնացածներն էլ մարդ սպանեցին ու փախան սարը և դառան ահ ու սարսափ ազդող բանդիտներ։
Խոսում էին, որ Ալիի բանդիտ ընկերները մեկ-մեկ իջնում են սարից և հյուրընկալվում մեր ագարակում Ալիի կողմից, բայց մենք երբեք չէինք տեսել։
Քաղաքային իշխանությունը մի քանի անգամ գաղտնի ոստիկաններ պահեց մեր ագարակում՝ բռնելու Ալիի ընկեր բանդիտներին, բայց բոլոր փորձերն անցան անհաջող։ Մի փոքրիկ նշան պարսպի դռան վրա բավական էր, որ սարից իջնող մարդիկ չմտնեին ագարակը։ Բայց որպեսզի իզուր չանցներ սարից քաղաք իջնելը, կողոպտում էին հանդիպած մարդուն և հեռանում։
Մայրս միշտ մտահոգված էր, որ միգուցե մի օր էլ հայրս պատահեր նրանց և կողոպտվեր։
— Գիշերները շուտ եկուր ագարակեն,— ասում էր մայրս,— մի օր քեզ կկողոպտին, գոնե սահաթդ և փարաներդ հետդ մի տաներ։
— Ականջ մի կախեր, կնիկ,— պատասխանում էր հայրս,— ընծի կը ճանչնան, էդպես ապուր չեն ուտեր։
Եվ մի օր էլ այդ ապուրը կերան, հայրս տուն եկավ կողոպտված։ Մայրս հիշեցրեց նրան իր նախազգուշացումը։
— Շատ մութ էր, աղջի, ձենս էլ չճանչցան,— պատասխանեց հայրս։
— Էնքան մութ էր, որ չճանչցա՞ն։
— Եթե ճանչնային, էդ ապուրը չէին ուտեր։
Հայրս կեսգիշերին մարդ ուղարկեց մեր ագարակը և Ալիին կանչել տվեց։
Ալին շնչասպառ եկավ։ Հայրս պատմեց նրան եղելությունը։ Ալին տխրեց, դուրս եկավ տնից առանց մի բան ասելու։
Առավոտյան կանուխ անծանոթ մարդիկ մեր լուսամուտից ներս նետեցին կողոպտված ժամացույցը, վերարկուն, փողերը և մի քանի թղթեր։
Ալին կեսօրից առաջ տուն եկավ, կանգնեց հորս առաջ ամոթահար։
— Հաջի էֆենդի, չեն ճանչցեր,— ասաց։