Հայրս գոհ էր Ալիի պաշտպանությունից։ Ագարակը միանգամայն փրկվեց փչանալուց։
Ալին հավատարիմ էր, անկեղծ և հանդուգն։ Նա կռվի էր բռնվում ոստիկանների հետ և հաղթում։
Մեր ագարակը մտնելուց հետո՝ նա փոխեց իր շորերը, կյանքում երրորդ անգամը լինելով՝ լողացավ, ածիլվեց, մազերը խուզեց, լայն, երկար և կանաչ գոտի կապեց մեջքին և նրա մեջ խրեց դանակն ու մարդ ծեծելու փայտի կամ գավազանի չափ հաստ և երկար մուշտուկը։
Այս կերպարանափոխությունից հետո էլ մարդիկ չմոռացան նրա սոցիալական ծագումը և ամեն առիթի նրա երեսին շպրտում էին նախկին արհամարհական խոսքը․
— Քյուլխան բեյի...
Մի օր Ալին եկավ հորս մոտ, ամաչելով կանգնեց և ասաց․
— Հաջի էֆենդի, ես մտածում եմ ուրիշ քաղաք գնալ, այստեղ բոլորն էլ գիտեն, որ քյուլխան բեյի եմ։
Ամաչելով իր ծագումից, կյանքումը լաց չեղած այս բիրտ մարդը լաց եղավ, թափեց այրող արցունքներ, որ մինչև այն ժամանակ անծանոթ էին նրա կոպերին։ Նա լաց էր եղել միայն փայտի հարվածներից և ոստիկանների հանկարծակի հասցրած մտրակներից։
— Ականջ մի՛ կախեր, Ալի՛,— ասաց հայրս,— մի քանի տարիեն ամեն մարդ կմոռանա քու քյուլխան բեյի ըլլելդ, մարդ կդառնաս,— և նրա ձեռքը դրավ մի քանի մեջիդ արծաթ դրամ։
Ալին փող չէր պահում իր մոտ, հորիցս առած փողը պահ էր տալիս իմ պառավ հորաքրոջս։ Նա, ուտելուց և հագնելուց բացի, ոչ մի պահանջ չուներ, ուտում էր մեզ մոտ, հագնում էր հորս գնած չուխան, պառավ հորաքույրս էլ մատակարարում էր նրան ծխախոտ՝ հորս Տրապիզոնի պահեստից։
Ալին մտահոգված էր իր խմբի ընկերներին մի մի պաշտոն գտնելով։ Մի քանիսին սպասավոր դարձրեց, շնորհիվ մեր տան միջոցով ձեռք բերած իր ծանոթությունների, մի քանիսին կառապանի պաշտոնի բարձրացրեց, մի քանիսին՝