Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկսեցի վախենալ տան բոլոր իրերից, մանավանդ դուռը բաց թողնված պահարանից, ջրհորից, սանդուղների տակը դրված մեծ սնդուկից, որի մեջ երբեմն մենք պահվում էինք խաղի համար։

Երբ հայրս դուռը բաց արավ, ոչ ոք չգնաց մոտը, բացի ինձանից։

Գնացի, փաթաթվեցի նրան, գլուխս խրեցի նրա կրծքի մեջ, խորը, խորը շնչեցի նրա շապկի հոտը։

Այդ հոտը տաքացրեց ինձ, փարատեց իմ սարսափը։

Հայրս գրկեց ինձ, նայեց աչքերիս մեջ։

Ես տեսա արցունքի կաթիլներ նրա աչքերում։

Մորս արցունքները շատ էի տեսել, բայց հորս արցունքները՝ երբեք։

Առաջին անգամ տեսա այրող արցունքը։

— Յավրում, մավի գյոզլի յավրում[1],— շշնջաց նա ու ինձ ողողեց համբույրներով։

Հետզհետե բոլորն էլ եկան, շարվեցին հորս առաջ։ Նա նստած էը իր անկողնի վրա, ես՝ նրա գրկում։

Գլուխը վեր բարձրացրեց, նայեց շուրջիններին և, տեսնելով լացից ուռած աչքերը, բարկացավ.

— Ի՞նչ եք դեմս կայներ, հեռացե՛ք։

Նրանք հեռացան։

Ծառան դագաղը շալակեց և տարավ դուրս։

Հայրս գլուխը հակեց իմ վրա, ինչպես մի մթին և ծանր ամպ։

Քիչ անց՝ եկավ ուստա Մարգարը։

Հայրս գովեց նրա աշխատանքը, վճարեց և մի քանի բաժակ օղի տվեց։

Ուստա Մարգարը բարձրացրեց առաջին բաժակը։

— Շնորհակալ եմ, հաջի էֆենդի, բարով...— հանկարծ լռեց և ապշահար կանգ առավ։ Բաժակը վեր բարձրացրած՝ մնաց օդում։

— Վնաս չունի, խմե,— ասաց հայրս և ժպտաց:

  1. Տղաս, կապուտաչյա տղաս: