Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Երկու օր անց՝ մտա փայտանոցը:

Սպիտակ սավանով փաթաթված երկար մի բան էր դրված պատն ի վեր: Մոտեցա: Բացի արի. հորս դագաղն էր:

Սարսափով վազեցի դուրս:

Հանդիպեց մայրս: Մի ակնթարթ նայեց աչքերիս և անմիջապես փակեց իր ձեռքերով և ինձ սեղմեց կրծքին: Ով է իմանում, ի'նչ էր տեսել նա իմ աչքերում: Դողում էի ամբողջ մարմնով, կարծես մերկ թողնված էի ցուրտ քամու առաջ:

Մայրս ոչինչ չհարցրեց ինձ: Երևի նա զգաց, որ հորս դագաղն էի տեսել:

Հայրս պաշտոնատեղին էր գնում բարճր, սպիտակ և ռեհվան[1] էշի վրա նստած, որի թամբը զարդարված էր արծաթյա աստղերով և փիրուզյա քարերով: Էշը փողոցի քարերից կայծեր էր թռցնում վազելիս: Ծառան վազում էր նրա հետևից հևիհև, որպեսզի պաշտոնատեղին հասնելուն պես, մի ձեռով սանձը բռնի և մյուս ձեռով էլ՝ ասպանդակը, որ հայրս ցած իջնի:

Ծառան էշը տուն էր բերում առանց նստելու: Եվ ոչ ոքի էլ թույլատրված չէր այդ: Երեկոյան նորից էր տանում, որ հայրս վերադառնա: Եվ ամեն օր միևնույնը:

Մենք մի ձի էինք պահում, որպեսզի երբ ազգականներից և բարեկամներից մեկնումեկը գար և ասեր թե՝

«Հայրս բարև ըրավ, ըսավ քի՝ էշը թող տան, տեղ գնամ գամ», էշի փոխարեն՝ ձին տայինք։

Հայրս չէր սիրում, որ իր էշի վրա ուրիշն էր նստում։ Եվ դժվար թե ինքը՝ էը թույլ տար, որ, բացի հորիցս, որևէ մեկը նստեր վրան։ Նստողի դիակով անպայման մի փոս կլցներ։

Հորս արիստոկրատիզմից շատ բան էր անցել էշին, նրա հոգեբանությունը նույնպես զարգացել էր այդ ուղղությամբ։

Հորս տուն վերադառնալուց առաջ ամբողջ տունը շարժման մեջ էր. ընտանիքի ամեն մի անդամը մի բան էր անում,

  1. Քայլքի տեսակ։