Իսլամական սովորության համաձայն պետք է նվերներով ճամփա դնեին Ալիին իր իսլամ կրոնակիցները։
Հաջորդ օրը, երբ հայրս Ալիի բռումը համրեց տասնևհինգ ոսկին, մորս կրոնական զգացումներին դիպավ։ Նա ասաց.
— Եթե հայ քրիստոնյա մը Երուսաղեմ գնա՝ չես տար։
— Ես իմ գործը գիտեմ,— պատասխանեց հայրս,— Ալին թող ետ գա, ես հարյուրներ կը վաստակեմ։
Մի քանի օրից, երբ Ալին ճանապարհ ընկավ, ցնցոտիներ հագած, բոբիկ և ձեռին մի երկար և անտաշ գավազան, իր իսլամ կրոնակիցներից շատերը ողջերթ մաղթեցին նրան։ Նվեր գրեթե չստացավ։ Նրա սոցիլական ծագումը հաղթեց կրոնական զգացումներին և ընդհանուր հավատքին։
Ալին նորից համբուրեց հորս վերարկուի քղանցքները և համառ, հանդուգն ու վճռական տոնով ասաց.
— Հաջի էֆենդի, աշխարհքին խերը պիտի անիծեմ։
Հայրս Ալիի ճակատից համբուրեց և գաղտագողի մի ոսկի ևս դնելով նրա ափի մեջ՝ ասաց.
— Երուսաղեմեն որ անցնիս, էնտեղ մի ջրհոր կա, Հակովբա ջրհորը, ուր մեր Քրիստոսը հանդիպավ Սամարացի կնոջ, էդ ջրհորին վրա, իմ հոգու համար, մի մոմ վառե։
— Մի քանի հատ կը վառեմ, հաջի էֆենդի, անհոգ ըլլիս,— եղավ Ալիի վերջին խոսքը և ճանապարհ ընկավ դեպի Մեքքե։
Ալին գնաց, անցավ երկու տարի։ Նրանից ոչ մի լուր։
— Գնաց մի քաղաք, տված դրամդ դրամագլուխ շինեց և բացեց մի խանութ ու կապրի իր համար,— ասում էին շատերը հորս։
Հայրս համառորեն պնդում էր.
— Ալին վերջը-վերջը կուգա, դուք կտեսնեք։
Մեր քաղաքից մի քանի թուրքեր վերադարձան Մեքքեից։
Հայրս հարցուփորձ արավ։