Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես տեսա նրան Երուսաղեմում,— ասաց նրանցից մեկը,— նա դեռևս ուշ կգա, ոտով էր գնում։

Իսլամ ուխտավորները տարածեցին ամբողջ քաղաքում Ալիի ջերմեռանդությունը, նրա կրոնական կրակը։ Նա այդ զոհաբերությամբ պիտի սրբեր սոցիալական իր ամբողջ «բասիրը», իր ծագման ամբողջ «կեղտը»։


* * *

Երեք տարի անցնելուց հետո՝ մի օր մեր քաղաքի պատերի վրա յաֆտաներ[1] փակցրին, որ Ալին գալիս է Մեքքեից բոբիկ ոտքերով, հոգնած և ուժասպառ, և որ ամեն իսլամի պարտականությունն է դիմավորել ու հոտոտել նրանից իսլամներին խոստացված դրախտը։

Լուր տարածվեց, որ Ալին գալիս է մարգարեից ստացված չտեսնված շնորհով։ Այդ շնորհին արժանացել էր նա բոբիկ ոտքերով մինչև Մեքքե քայլած լինելուն համար, այրելով իր ճակատը և ոտները արաբական կիզիչ արևի տակ և ավազների վրա։

Երկու օրից Ալիին բեյ հռչակեցին — Ալի բեյ։ Այս տիտղոսը նա ստացավ ինքնաբուխ կերպով հավատացյալ ժողովրդից իր ժամանումից առաջ։

Ամեն մի հավատացյալ իսլամ պատրաստվեց դիմավորել նրան նվերներով։


* * *

Ամառ է։ Դաշտի օդն ալիքավորվում է միջօրեի տապից, այրվում է հողը, մի դաժան և անկարեկիր արև վառում է դաշտի ցորենները։

Բազմահազար ժողովուրդ լցված է փոշեթաթախ ճանապարհին, երկու-երեք մղոն գետնին փռված արևելյան գորգերը կորցրել են իրենց կախարդական գույները փոշուց։

Հեռվից նշմարվում է մի կետ։ Ճանաչելի է դառնում։

  1. Հայտարարություն, աֆիշա։