Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կատաղածի համբավ ունեցող ոստիկանապետի։ Ալին տեսել էր, որ ոստիկանապետը ձգել էր իր մտրակի տակ մի քյուլխան բեյի և ծեծում էր։ Քյուլխան բեյին ճչում էր մտրակի հարվածների տակ այնպես, ինչպես հարյուրավոր անգամներ ճչացել էր Ալին, ինքը. նա նախ մտածել էր անտարբեր անցնել, բայց ճիչը նրան պարտադրել էր ետ դառնալ և մի ապտակ իջեցնել ոստիկանապետին։

— Քյուլխան բեյին կպաշտպանե,— ասում էին բոլորը գաղտնի, անկյուններում, չհամարձակվելով հրապարակով դեմ գնալ մարգարեի ընտրյալին։

Մոխրակույտերի բոլոր իշխաններն օրական երեք անգամ խռնվում էին Ալի բեյի տան առաջ։ Ալին նստում էր լուսամուտի ետև, ամբոխից աննշմարելի, մինչև սպասավորները յուրաքանչյուր անգամին 50-ական օխա հաց էին փրթում։ Ստեղծվում էր մի դաժան տեսարան, «իշխանները» իրար էին բզկտում մի կտոր ավելի կորզելու համար, քաշքշում էին իրար, տասնյակներ թափվում էին իրար վրա, ճխլտելով տակի մնացածներին։ Եվ վերջ ի վերջո մնում էին ամենաթշվառները, որոնց ձեռքը մի փշուր անգամ չէր անցնում։ Ալին նրանց կանչում էր ներս և իր ձեռքով բոլորին էլ մեկ-մեկ բաժին տալիս և ուղարկում։

Ալին մի օր ասել էր հորս.

— Մոխիրներու մեջ պառկելն էնպես եմ կարոտցեր...

Մետաքսների, իսլամ հուրիների և ոսկիների մթնոլորտում տենչում էր երբեմն անցյալ կյանքը։ Հրամայում էր իր սպասավորներից մեկին՝ կապել կարմիր և կեղտոտ գոգնոց, դրսի թուրք ղայֆեճիների նման, և թրքական մի սուրճ բերել, խմելուց հետո խնդրում էր սպասավորիր, որ փող չունի վճարելու, պետք է ապառիկ գրի։ Սպասավորը սենյակի դռան ետև ածուխով մի գիծ էր քաշում իբրև սուրճի պարտք, այնպես, ինչպես դրսի մարդիկ անում էին ղայֆեխանաներում։

Ալին մեծ բավականություն էր զգում այս սուտ ղայֆախանան հաճախելուց։

— Բոշայից փաշա դուրս չի գա,— ասում էր հայրս։

Ալիի Մեքքեից վերադարձից հետո՝ հայրս նրա միջոցով