էր ուղարկել հորս և խնդրել նրանից՝ «շնորհ բերել» իր մոտ։
Երբ հայրս մտնում է Ալիի սենյակը, նա ոտքի է կանգնում, վազում և համբուրում է նրան։
— Հաջի էֆենդի, քու շնորհիվ աշխարհքին խերն անիծեցի,— ասում է նա։
Բաժանվելուց առաջ Ալի բեյը ստիպում է հորս ետ վերցնել իր տված փողը։ Հայրս կտրականապես հրաժարվում է։
— Ես իմ հոգու համար եմ տվել,— ասում է հայրս։
Ալի բեյը խոստանում է մինչև անգամ իր կյանքի գնովն օգնել հորս իր նեղությունների մեջ։ Հայրս շնորհակալություն է հայտնում։
Մի ամսից հետո՝ Ալին նպարեղենի խանութ բաց արեց, որի մեջ կշեռք և չափ չկար, որովհետև հաճախորդներին ապրանք չէր ծախում։
Նա նստում էր խանութում, մետաքս, խուտնի-խումաշ բարձերով շրջապատված, մարգարեական կանաչ աբան հագին, մի արշին երկար մուշտուկը բերնին, կանաչ ապարոշով։ Անցնող հարուստներին նա հրավիրում էր խանութը։
— Ձեր տունն ի՞նչ ուղարկեմ,— հարց էր տալիս։
Հարուստները նրանից խնդրում էին ուղարկել խանութի ապրանքի ամեն տեսակից և դնում էին մետաքսե բարձերի վրա մի քանի դեղին ոսկի։
Ալի բեյն ապրում էր անիմանալի ճոխության, շռայլության և շվայտության մեջ, ապրում էր նա ժամանակակից հազար ու մեկ գիշերներ։
Իրար ետևից նա կնության առավ 8 աղջիկ, բոլորն էլ 12 տարեկան։
Նա շատ աշխատեց իր ընկերներին սարից քաղաք բերել, խոստացավ նրանց փող, տուն, խանութ և պաշտպանություն, բայց նրանք չհամաձայնեցին թողնել սարը և քաղաք իջնել։
Մի օր քաղաքում իրարանցում էր։ Ալին ապտակել էր