Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակավաթիվ հաճախորդներ ուներ, որովհետև հաճախորդ վաստակելու ջանք չէր թափում։

Մենք, մանուկներս, գնում էինք նրա կրպակը։ Ակոբը գործի վրա է, սապնել է հաճախորդի երեսը, սպիտակ փրփուրով լցրել, միայն քիթն ու աչքերն են ազատ։ Ակոբը հենց փորձում է ածելին սրել կաշվի վրա, որպեսզի սկսի սափրել, մենք սկսում ենք խոսել քաղաքում մի որևէ անուն հանած աղավնու մասին։

— Կըսեն քի՝ Պեյրոսի չիլը երկու ձագ հաներ է,— ասում է մեզանից մեկը և գաղտագողի ժպտում։

Մենք միայն իրար հետ ենք խոսում և իբր թե սպասում ենք մազերնիս խուզելու, բայց Ակոբը չի դիմանում, թողնում է հաճախորդին և մոտենում է մեզ.

— Ուրկե՞ լսեցիք, վո՞վ ըսավ,— հարցնում է անձկագին։

— Մինասն ըսավ։

— Չէ, ջանըմ։

— Հա, իրավ է, երկու ձագ։

— Մինասը սուտ կը խոսա...

Հաճախորդը գոռում է, երեսի օճառի փրփուրները հետզհետե սմքում են։ Քթի տակը օճառի պղպջակների պայթելուց՝ քորվում է։

— Ածիլե երթամ, բե ջանըմ։

— Շատ մի խոսա, էստեղ գործ ունիմ,— պատասխանում է Ակոբը և շարունակում վիճել չարաճճի մանուկների հետ աղվընիկ խաղցնող Պեյրոսի Չիլ աղավնու մասին։

— Ծո, շուտ ըսե, վո՞վ ըսավ, քեզի կըսիմ,— նորից հարցնում է Ակոբը մտահոգ։

— Աչվըներովս տեսանք։

Ակոբը տխրում է։ Դա նշանակում է, որ Պեյրոսը շուտով առավելություն է ձեռք բերելու։ Պեյրոսի Չիլը Դիարբեքիրից են բերել, համարվում է Փոքր Ասիայի ամենաազնիվ ճինսերից մեկը, երկնքից կարող է քաշել-տանել որևէ աղավնի, և նա աճել է երկուսով։

Մութը պատում է Ակոբին։