Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չիլի անունը մենծ է, ամա ադքան չէ,— հարում է Ակոբն իրան մխիթարելու համար, բայց թախիծը թանձրանում է նրա աչքերում։

Հաճախորդը զայրանում է։

— Տ'ածիլե՞ս թե չէ,— և հայհոյում է։

Ակոբի աչքերը թարս ու թուրս են նայում, հաճախորդը վախենում է այդ աչքերից. Ակոբը, հանկարծ, կարող է փոխել ածելիի իսկական դերը։ Ակոբը մոտենում է հաճախորդին՝ ածելին ձեռքը։

— Ի՞նչ կուզես,— հարցնում է հանգիստ, բայց սարսափելի է այդ հանգիստ տոնը, որովհետև դա զայրույթի բարձրագույն կետն է։

Հաճախորդը մեղմանում է և աղաչական հարում.

— Կուզիմ քի, ածիլես երթամ։

Ակոբը քաշում է սրբիչը, մաքրում հաճախորդի երեսի օճառը և՝

— Վերջացավ, յալլա...

Հաճախորդը վեր է կենում նստարանից, ֆեսը դնում և հեռանում, եզրակացնելով, որ ազատվեց, ստույգ վտանգից։

— Ուրիշ գործ չունիմ դե՝ իրեն երեսը տ'ածիլիմ,— մրթմրթում է Ակոբը հաճախորդի ետևից։

Մենք էլ հեռանում էինք, Ակոբին թողնելով լուռ տանջանքում։ Իսկ նա մի սիգարա էր փաթաթում, քաշում արագ-արագ, փակում կրպակը, գնում տուն, ճանապարհին աչքերը երկնքին, տեսնելու համար, թե ո՞ւմ աղավնիներն են ճախրում երկնքում։

Ակոբը տուն գնալուց հետո՝ բարձրանում էր կտուրը, դուրս բերում իր աղավնիները, մոռանում Պեյրոսի Չիլը, ինքն էլ ունի փոքր-ասիական հռչակ վայելողներ։

Բռնում էր ոմանց, գլուխները կոխում բերանը (դա նրա սիրելու ձևն էր) և բաց թողնում։

Կտուրի վրա, Ակոբի գլխավերևը, շրխկում էին աղավնիների թևաբախումները։ Ամեն մի թևաբախման՝ Ակոբը ներքևից հափշտակությամբ բացականչում էր.

— Օ՜խ, թևերուդ ղուրբան, օ՜խ...