— Գլխուս տերտեր դարձավ,— ասում էր։
Նա էլի հետապնդում էր, որ իբրև հայր մտածի աղջիկ զավակի բախտի և պատվի մասին։
— Ի՞նչ տ՚էնես աղջիկդ, տանը թթո՞ւ տի դնես,— մի օր հարց տվեց կինը։
Ակոբը պատասխանեց.
— Շատ մի վռվռա, իշտե մորուք թողուցի։
Իհարկե, մորուքն էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային անմեղ աղջկան, նրանք շարունակեցին հայհոյել, երբ տեսնում էին հորը՝ կտուրի վրա աղվընիկ թռցնելիս։
— Վա՛յ քու աղջկանդ...
Ակոբն իջնում էր կտուրից, տեսնում էր աղջկան՝ աղի արցունքներ թափելիս, հարցնում էր.
— Աղվընիկս, ինչո՞ւ կուլաս։
— Նորեն քֆրեցին,— պատասխանում էր աղջիկն արցունքների միջից։
Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։
Տան եկամուտը հետզհետե պակասեց։ Խանութից ոչ մի հույս չկար։ Շաբաթական մեկ-երկու օրը հազիվ էր բաց անում, միայն պատահական հաճախորդներ ընդունում։
Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը։
Հինգ կարմիր ոսկով նա ծախեց իր լավագույն «ճինս» աղավնիներից մի զույգ։
Այդ մի զույգ աղավնին նրա ամբողջ սիրտն էր, բայց որովհետև նրանցից ձագ էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։
Ակոբը, երբ ոսկիներն առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները, հանձնեց նոր տիրոջը, նրա աչքերից արցունքի կաթիլներ ընկան աղավնիների փետուրների վրա։
Բայց արցունքները սրբեց, ուրախության մի ալիք ողողեց նրա երեսը։ Հինգ ոսկին բավական էր մի տարի ապրելու համար, և պարտավոր չէր խանութը բաց անելու և հաճախորդների «քթի հոտը քաշելու»։
Երբ նա տուն եկավ, աղջիկը դիմավորեց նրան։