Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Այդ հին երկրում արևը ճչում է մրգի հատիկներով, հողը շնչում է անսպառ խոտով, առվակները կարկաչում են, բացվում են մեծ առավոտներ, և իջնում են հրաթև վերջալույսեր, բարձրանում և կապույտում լողում է մի արծաթյա թաս՝ մեջը լիքը նոր կթած կաթով, տիեզերանում է գիշերն աստղահնչուն, ծառները սլանում են դեպի երկինք, և բոլոր ծաղիկները սարսռում են և շշնջում։

Այժմ ես կուզեի հանգչեցնել իմ հոգնած գլուխն այդ երկնքի կապույտ մարմարին և լսել այն երգը, որ հեղեղում են ծառները, առվակներն ու աստղերը։