Այս էջը հաստատված է
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ հիշատակին
Դարերից ի վեր, անժամանակ թվականներից՝ քաղաքը լեռան կատարին էր։
Եվ քաղաքը կառուցված էր սպիտակ քարից, որովհետև լեռն ամբողջ սպիտակ քարից էր։
Քաղաքի տներից, ահավոր անդունդի վրա, կախվում էին պատշգամբներ, որոնք մթնշաղերին օրորվում էին, ինչպես երազում։
Հին ժամանակների իշխողները, ռազմական նպատակների համար, քաղաքի արևելյան կողմը վիթխարի ամրոց կառուցեցին։ Այդ ամրոցի շինության համար իշխողները գործածեցին ձվի միջուկը, կաթ և մարդկային ստրուկների քրտինքն ու արյունը։
Լեռան ստորոտը, ուր քաղաքից իջնելու համար միայն մի ճանապարհ կար, ոլորապտույտ և քարքարոտ, նման երազներում բացված արահետների, այգիներով էր բոլորված։
Այդ այգիները գոյություն են ունեցել բիբլիական ժամանակներից։ Եվ բիբլիական ժամանակներից մինչև հիմա