լեռան գագաթը կտրվում է աշխարհից ամիսներով, իսկ գարնան վերջերում և ամառը երկնքի խորքերից ճայթում է ամպրոպը, կայծակը խփում սպիտակ քարե տներին և կիսում դանակի նման։
Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները։
Եվ Անդրեասը հիմքը դրեց առաջին բրուտանոցի։ Սա ընդարձակ և ցածր առաստաղով մի «սրահ» էր փոքր լուսամուտներով, երկարաձև, ինչպես նավը։
Եվ դաշտեցիները չմնացին իրենց պարտեզներում և այգիներում. նրանք կապեր հաստատեցին ուրիշ քաղաքների հետ ու նրանց հետ կապեր հաստատեցին ուրիշ աշխարհներ։
Առաջ, երբ դաշտի բարիքը փոխադրում էին լեռան գագաթը, շուկա էին հանում հին ամրոցում, այժմ դաշտի բարիքը, բյուրապատկված առատությամբ, դուրս էր բերվում նոր քաղաքի ընդարձակ հրապարակը։ Բարիքը լցվում էր այդ հրապարակում, լցվում և բլրանում։ Ամրոցն ամայացավ, ինչպես մեռած ուրուրների բույնը, դարձավ հին մի հուշ, իսկ նոր քաղաքի հրապարակը ծաղկեց և հարստացավ։
Հին գետի ափերով, հարավի արեգակի շողով ու բույրով գալիս էին ուղտերի քարավանները, բերում հարավի քաղցրությունն ու գույնը, փոխում դաշտի հարստության հետ և հեռանում։ Նրանց բոժոժների համերգը վերջանում էր աշնանը, իսկ գարունը սկսվում էր նրանց բոժոժների երգով և դաշտի անձրևով։
Անդրեասը, բացի երկու տեսակի աղյուսից, սկսեց շինել և արդեն կանոնավոր խողովակներ, որոնք գործածվում էին լեռան ստորոտից տները ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր, զանազան չափի և ձևի ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և երկարավիզ սրվակներ։
Պարզ, անարվեստ բրուտը սկսեց տալ ազնվագույն կավին իր երևակայության նախնական պարզ ձևերը։